Փոխհատուցումը անհամաչափ է խոպանի կորստի հետ
Օրերս Վրաստանի կառավարությունը որոշել էր միանվագ փոխհատուցում տալ այն քաղաքացիներին, ովքեր COVID-19-ի պատճառով չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի: Սահմանված փոխհատուցման գումարը 300 լարի է, բայց կարո՞ղ է այդ գումարը համարել փոխհատուցում ընդհանուր առմամբ կյանքի թանկացման պայմաններում:
Այն, որ Ջավախքը ապրում է արտերկրում վաստակած միջոցներով՝ հիմնականում Ռուսաստանում և ԱՊՀ մյուս երկրներում, գաղտնիք չէ: Տղամարդկանց մեծամասնությունը սեզոնային աշխատանքի է մեկնում, ամեն տարի մարտ ամսից սկսած և վերադառնում տարեվերջին՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այս ամբողջ ընթացքում խոպանչիները (այսպես են անվանում այն մարդկանց, ովքեր գնում են արտագնա աշխատանքի), բազմաթիվ ֆինանսական դրամական փոխանցումներ են կատարում Վրաստանում գտնվող իրենց ընտանիքներին, տարածաշրջանը ապրում և շրջանառություն է կատարում գումարներով: Այս տարի ֆինանսական փոխանցումները բազմակի կրճատվել են, ինչի պատճառը COVID-19 վիրուսի տարածումն է, տեղաշարժի սահմանափակումները և փակ սահմանները:
Քաղաքներում գործազրկությունն ավելի շոշափելի է դարձել
Սկզբում փակ ճանապարհների փաստը խուճապ առաջացրեց՝ հատկապես քաղաքային բնակչության շրջանում: Եթե գյուղերում կարելի է գոյատևել հողագործությամբ և անասնապահությամբ, ապա քաղաքի բնակիչները այդ հնարավորություններն էլ չունեն:
«Ես ապրում եմ քաղաքում և ամեն տարի մեկնում եմ Ռուսաստան՝ խոպան, բայց այս տարի դա անհնար է: Ոչ հող ունեմ, ոչ էլ անասուն: Այս ընթացքում ես պետությունից ոչ մի կոպեկ օգնություն չեմ ստացել: Այդ 300 լարին Ռուսաստանում իմ մեկ շաբաթվա վաստակն է կամ նույնիսկ ավելի քիչ: Դա չի լուծի խնդիրը, բայց էլի ինչ-որ բան է: Տեղում աշխատանք գտնելը շատ դժվար է: Մենք ասֆալտ փռել գիտենք, իսկ տեղում այդ գործով այլ շրջաններից եկածներն են զբաղվում: Մեզ համար աշխատանք չկա», – ասում է Ախալքալաքի բնակիչը, որը եկել էր Jnews-ի գրասենյակ` պարզելու, թե ինչպես և որտեղ է գրանցվել փոխհատուցում ստանալու համար:
Փոխհատուցում բոլոր խոպանչիները չեն ստանա
Գաղտնիք չէ, որ ջավախքցիներից շատերը ստիպված են եղել վերցնել Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն` առանց որևէ խոչընդոտների Ռուսաստան մեկնելու համար, քանի որ Վրաստանը բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմ է գործում: Բնականաբար, միայն Վրաստանի սահմանը հատած Վրաստանի քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալ: Հետևաբար, հայկական կամ ռուսական անձնագրով սահմանը հատած Ջավախքի բնակիչները չեն կարողանա փոխհատուցում ստանալ:
«Ես չեմ կարող փոխհատուցում ստանալ, քանի որ հայկական անձնագրով եմ հատել վրաց-ռուսական սահմանը: Դրա պատճառը վիզա ստանալու հետ կապված դժվարություններն են, Ռուսաստանում աշխատանքային վիզա ստանալն էլ ավելի դժվար է և թանկ: Ուստի կյանքը հեշտացնելու համար վերցրել եմ Հայաստանի քաղաքացիություն», – ասում է Ախալքալաքի բնակիչը:
Տեղում վաստակածը չի փոխհատուցում արտերկրում վաստակածը
Տարեց տղամարդը, որի հետ մենք զրուցեցինք փողոցում, պնդում է, որ նույնիսկ տեղում աշխատելով հանդերձ, նոր պայմաններում շատ դժվար է գումար վաստակել:
«Անցյալ տարի ես գնացել էի խոպան, իսկ այս տարի սկսեցի աշխատել տեղում: Եթե պետությունը փոխհատուցի, ապա դա պետք է լինի 5000 լարի, իսկ եթե ավելի քիչ, ապա ինչքան էլ տա, լավ է: Որդուս այս տարի չի հաջողվել արտագնա աշխատանքի մեկնել: Ես հիվանդ եմ, հարսս նույնպես, տանը 4 հոգի ենք, ես աշխատում եմ և թոշակ ենք ստանում: Ապրելու համար բավարար չէ», – ասում է նա:
Բոզալի գյուղի բնակիչները ասում են, որ փոխհատուցումը վնասի չափի հետ անհամեմատելի է:
«Լավ կլինի, եթե այն, ինչ մենք ծախսում ենք հողը մշակելու համար, փոխհատուցվի բերքով: Իհարկե, 300 լարի գումարը չի լուծի այդ խնդիրը, բայց այդ գումարով ինչ-որ խնդիր հնարավոր է լուծել», – ասում է Բոզալիի բնակիչը:
«Իհարկե, փոխհատուցումը համեմատելի չէ նրա հետ, ինչը մենք վաստակում ենք այնտեղ: Ես այնտեղ ամսական ավելի քան 1000 ԱՄՆ դոլար էի վաստակում: Լինում էր՝ 1200-1300: Աշխատում եմ որպես վարորդ, բայց այս տարի տանն եմ: Հողը մշակել ենք, կարտոֆիլը ցանել, սակայն կարկուտը բերքը հողին հավասարեցրեց», – ասում է Բոզալի գյուղի մեկ այլ բնակիչ:
Ցանկացած օգնություն՝ օգնություն է
Շատերի համար 300 լարին էլ է օգնություն, քանի որ վաստակելու հնարավորություններ չկան. «Իհարկե մենք մեկնում ենք խոպան, բայց այս տարի չհաջողվեց։ Ո՞վ է տվե փոխհատուցում, ո՞ր մենք չենք ցանկացել: Որքան շատ, այդքան լավ: Եթե ամսական 300 լարի տան, լավ է: Եթե գոնե ծխախոտի փող տան, մենք ուրախ կլինենք: Չնայած ցանկացած փոխհատուցման համար ուրախ կլինենք»:
Քաղաքապետարանը չգիտի փոխհատուցման մասին
Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը Jnews.ge-ի լրագրողներից ճշտեց, թե երբ է հայտարարություն արվել փոխհատուցման մասին: Նա ասում է, որ այս հարցով որևէ հրահանգ չի ստացել:
«Յուրաքանչյուրն ունի 4 անձնագիր, ով, որտեղ և ինչպես է գնում արտագնա աշխատանքի, պարզ չէ: Յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր նախագիծ, որի մասին խոսում է վարչապետը կամ նրա կաբինետը, կատարվում է նախնական հաշվարկներով: Տիկարաձեն նաև Աշխատանքի նախարար է, և նրանք գիտեն, թե քանի մարդ է աշխատում Վրաստանում, քանիսը գործազուրկ են: Նրանք ունեն այս բոլոր տվյալները: Բայց ես չգիտեմ արդյո՞ք տվյալներ ունեն, թե քանի հոգի են գնում արտագնա աշխատանքի, քանիսը՝ ոչ: Դեռևս ես այդ մասին չգիտեմ, և որևէ հրահանգներ չեն եղել: Միգուցե այս օրերին կլինեն նման հրահանգներ, և մենք կսկսենք աշխատել այդ ուղղությամբ», – ասում է Արմեն Մառանգոզյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր արտագնա աշխատանքի էին մեկնել 2019 թվականին, բայց այս տարի չեն կարողանում գնալ կորոնավիրուսի համավարակի պատճառով, պետությունից կստանան դրամական փոխհատուցում՝ 300 լարիի չափով, հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Հունիսի 29-ի դրությամբ Առողջապահության նախարարության գրանցման պորտալում գրանցում է անցել 156 186 փոխհատուցում ստացող: 104 547 ինքնազբաղված անձինք փոխհատուցում են ստացել 300 լարիի չափով: Ընդհանուր առմամբ փոխանցվել է 31 364 100 լարի:
Jnews.ge