Չեչերեկ գյուղի բնակիչների մոտ 70 խոշոր եղջերավոր անասուն գողացել են
Ախալցիխեի շրջանից դեպի Թուրքիայի սահման թվով 70 խոշոր եղջերավոր անասուն են տեղափոխել։ Գողացված անասունները պատկանել են հայկական Չեչերեկ գյուղի չորս բնակչի։ Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ գիշերով, գյուղին պատկանող արոտավայրում, որը սահմանակից է Թուրքիային։
Բնակիչների խոսքերով՝ դեպքի վայրում կան ձիու ոտնահետքեր, որոնք անցնում են չեզոք գոտի։ Նշված վայրում մնացել է թվով չորս մոլորված անասուն, որոնց իրավապահներըհետ վերադարձնել չեն թույլատրում։ Նաեւ բնակիչներին չեն թույլատրում գնալ ոտնահետքերով դեպի չեզոք գոտի, ասելով, որ չեզոք գոտում ոտնահետքերը կորչում են։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչումով հետաքննություն է սկսել, սակայն ինչպես գյուղացիներն են ասում, ոստիկանները կարծես լուրջ չեն վերաբերվում կատարվածին։
Հարկ է նաեւ նշել, որ սա առաջին դեպքն է Ախալցխայի շրջանում եւ այն հետաքրքրի ձեւով համընկավ տվյալ վայրերում ադրբեջանցի եւ թուշ հովիվների հայտնվելու հետ, ովքեր չնայած տեղի ֆերմերների դժգոհությանը իրենց ոչխարներին եւ անասուններին տեղափոխել էին արածելու Ախալցխայի շրջանում։ Նյութը տարածում է «ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ»ը: