Ռուսաստանում հայտնվել են անկողնային արևադարձային փայտոջիլներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում նկատվել են անկողնային արեւադարձային փայտոջիլներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունում: «Միջատների այս տեսակը նոր բան է Ռուսաստանի եվրոպական մասի համար: Մասնագետների տվյալներով՝ տարեցտարի այդ միջատների թվաքանակը մեծանում է:
Փայտոջիլները պատկանում են սինանտրոպային (կենցաղային) հատվածոտանիների դասին, նրանք կարող են գոյատեւել եւ բազմանալ պատշաճ սանիտարական պայմաններ ունեցող բարեկեցիկ հաստատություններում, սակայն առավել հաճախ դրանք հանդիպում են մարդաշատ եւ անբավարար սանիտարա-տեխնիկական պայմաններով բնակելի հաստատություններում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ամենից հաճախ փայտոջիլները տանը հայտնվում են իրերի, հագուստի կամ կահույքի հետ. բացի այդ, դրանք կարող են սողոսկել հարեւան բնակարաններից՝ օդափոխության սարքերի կամ էլեկտրավարդակների միջոցով, ուստի, եթե վնասատուն հայտնվել է թեկուզ մեկ բնակարանում, առկա է ամբողջ շենքում դրանց տարածման ռիսկը, ճշտել են մամուլի ծառայությունում: Փայտոջիլները կարելի է բերել նաեւ հյուրանոցներում հանգստանալուց հետո, քանի որ միջատները հանդիպում են նաեւ հինգաստղանի հյուցանոցներում, ուստի համարում բնակվելուց առաջ հարկավոր է ուշադիր զննել անկողինը եւ ամենափոքր կասկածի դեպքում հրաժարվել այդպիսի հյուրանոցում մնալուց, ընդգծել են մամուլի ծառայությունում:
Փայտոջիլների առկայության մասին ամենից հաճախ կարելի է իմանալ քնելուց հետո մարմինի վրա խայթոցների հետքերից, միջատները սնվում են արյունով, ուստի ձգտում են դեպի մարդը, պարզաբանել են գերատեսչությունում: «Արեւադարձային փայտոջիլներն այնպիսի առանձնահատկություն ունեն, որ կարող են մարդու վրա հարձակվել նաեւ ցերեկը: Անկողնային փայտոջիլների ակտիվության հիմնական ժամանակաշրջանը ամառն է եւ ջեռուցման շրջանի սկիզբը: Վաղ շրջանում վնասատուների հայտնվելը նկատելու համար հանձնարարվում է հաճախ փոխել անկողնային սպիտակեղենը: Փայտոջիլների տարածումը կանխելու համար հանձնարարվում է կանոնավոր կերպով տունը մաքրել, պարբերաբար զննել բազմոցները, գորգերը, արյան հետքերը անկողնային սպիտակեղենի վրա»,-նշել են Ռոսպոտրեբնադզորում: