Լուրեր
Բացեք սահմանները - բողոքի ցույց Ախալքալաքում
Ախալքալաքի կենտրոնում, քաղաքապետարանի շենքի մոտ ժողովուրդ է հավաքվել: Նրանց միակ պահանջը Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանների բացումն է:

Մոտ 100 տեղացի գտվնում են կենտրոնում, նրանք ասում են, որ Նինոծմինդա-Ախալքալաքի բնակիչների եկամուտի հիմնական աղբյուրը Ռուսաստանում աշխատած գումարն է:

«Սահմանները փակելով ամենամեծ վնասը հասցրեցին Սամցխե-Ջավախքի՝ Ախալցիխեի, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ծալկայի բնակիչներին: Մարդիկ գնում են աշխատելու, ոչ թե բիզնես գործունեության համար»,- ասում է Արմեն Կաբլանյանը:

«Երբ բացեն սահմանները, մենք խաղաղ ճանապարհով կվերադառնանք արտագնա աշխատանքներին: Եթե այստեղ գործարաններ բացեն և ունենանք աշխատանք, ոչ մի տեղ չենք գնա, կմնանք այստեղ և տեղում կաշխատենք: Այս ամենի ֆոնին շուտով գողություն էլ կսկսվի: Կառավարությունից մի բան ենք խնդրում, որ բացեն սահմանները»,- ասում է ցույցի մասնակիցը:

Ցույցի մասին խոսակցություններից հետո տեղացիները բաց նամակով դիմել են Վրաստանի և Հայաստանի իշխանություններին:

«Մենք Գախարիային և Փաշինյանին դիմեցինք, որ սահմանները բացեն: Թող պատասխանեն, թե ինչու չեն բացել մինչ այժմ, ինչով ապրենք, ինչպես պահենք ընտանիքներս: Ինչու են մինչ այժմ ճանապարհները փակ»,- ցույցի ժամանակ հայտարարում է Արթուր Մարգարյանը:
| Print |