Լուրեր
Ֆուտբոլիստ աղջիկներն ընդդեմ կարծրատիպերի, ֆինանսական խնդիրների և համաճարակի

 

Փոքր Պամաջի մարզադաշտը աստիճանաբար զարդարում են աղջիկները: Հինգ ամսյա դադարից հետո նրանք սկսեցին վերականգնել իրենց ուժերը: Մարտի 25-ից ապրիլի 15-ը միայն վեց աղջիկ էր մարզվում: Այնուհետև միացան մյուսները և այժմ պատրաստվում են ամբողջ կազմով նվաճել Վրաստանի առաջնությունը:

«Զարզմայի» ֆուտբոլային թիմը կազմված է միայն աղջիկներից: Երեք տարի առաջ, երբ թիմը կազմավորվեց, նրանք ստիպված էին նկատել կարծրատիպեր, գենդերային անհավասարության զգացումներ, հանդիպեցին շրջապատի դիմադրության հետ: Այս դժվարություններին ավելացավ նաև համաճարակը: COVID-19- ի պատճառով սահմանված կանոնակարգերը նույնպես խանգարում էին նրանց: Ֆուտբոլիստները մարզվում էին անհատապես, տանը և տեսազանգի միջոցով առցանց ստանում էին մարզչի ցուցումները:

Հիմա մի մասը կրկին պաշտպանում է դարպասը, իսկ մյուսը՝ հասցնում գնդակը մրցակցի դարպաս: Աղջիկները տարբեր գործառույթներ ունեն, բայց ֆուտբոլի սերը և «Զարզմա» ակումբը միավորում են նրանց:

Այս սերը 17-ամյա Անա Բեբնաձեին ստիպում է շաբաթական երկու անգամ ոտքով անցնել 50 կիլոմետր ՝ Ադիգենիի Փխերո գյուղից դեպի Ախալցիխեի Փոքր Պամաջ գյուղ: «Զարզմայի» 17-ամյա աջ պաշտպանը չունի սիրված թիմ ու խաղացող: Իսկ խաղի մարտավարությունը սովորում է տարբեր խաղացողներից և ապա օգտագործում դրանք խաղադաշտում:

«Սկզբում ֆուտբոլ խաղում էի թաղամասի տղաների հետ, քանի որ սիրում էի այդ սպորտը, բայց շատ դեպքերում տղաները ինձ հետ չէին խաղում»:

Կարծում է, որ արդեն հասել է իր առաջին հաջողությանը: Վերհիշում է այն ժամանակաշրջանը, երբ 14 տարեկան հասակում նա հաղթեց Վրաստանի պատանի ֆուտբոլիստների ընտրական փուլում և գնաց Ալբանիա ՝ մարզվելու:

«Եվրոպայի առաջնության ժամանակ ընտրական շրջագայության եմ մեկնել Ալբանիա, որտեղ երկու շաբաթվա ընթացքում երեք խաղ ենք անցկացրել, իսկ զուգահեռաբար՝ մարզվել: Վրաստանի հավաքականի մարզիչներն ինձ ընտրեցին խաղը դիտելուց հետո»:

Աջ պաշտպանը հիմնական դժվարությունը համարում է տարեց աղջիկների հետ խաղալը, սակայն կարծում է, որ երբ կա շարժառիթ և խաղը շահելու ցանկություն, մարդը կարող է հաղթահարել ցանկացած բարդություն: «Ես ուզում եմ կրթությունս շարունակել Սպորտի համալսարանում: Առաջնահերթին համարեցի ֆուտբոլը, իսկ հետո `մնացածը»:

Ֆուտբոլը նրա կյանքն է, իսկ մարզադաշտը միակ տեղն է, որտեղ իրեն ազատ է զգում: Անի Բեբնաձեի նման, Սոֆո Դեվնոսաձեն էլ ապրում է այս մարզաձեւով: Նա երեք տարի շարունակ Ախալցիխեի Կլդե գյուղից գնում է դեպի Փոքր Պամաջ, խաղալու համար: 18-ամյա Սոֆին պատրաստվում է ընդունվել համալսարան և համատեղել կրթությունն ու սպորտը: «Ընտանիքիս անդամները ողջունեցին իմ որոշումը, նրանք աջակցում և օգնում են ինձ ամեն հարցում», - պատմում է Սոֆին:

Հինգերորդ դասարանից ֆուտբոլի հանդեպ սերը զգացել է նաև Թիկա Բլուաշվիլին: Նա երրորդ տարին է, ինչ 14 համարի մարզաշապիկով պաշտպանում է «Զարզմայի» պատիվը: Ձախ պաշտպանն օգնում է թիմին հաղթել: Ինչպես իր թիմակիցներից շատերը, նա նույնպես ֆուտբոլ խաղալ սկսել է հենց տղաների հետ: Սկզբում ֆուտբոլը համարում էին մանկական կիրք, բայց հետո պահանջեցին հրաժարվել այս սպորտից, քանի որ «դա աղջկա գործ չէր»: Թիկան ուրիշների կարծիքները հաշվի առնելու փոխարեն, նախընտրեց իրականացնել իր երազանքը:

«Դաշտ դուրս գալը մեծ պատասխանատվություն է բոլոր տասնմեկ խաղացողների համար: Յուրաքանչյուր ոք ունի իր պարտականությունները: Յուրաքանչյուր խաղացող հավասարապես պատասխանատու է խաղում պարտվելու և շահելու համար»:

Աղջիկը, ով ջնջեց «Ֆուտբոլը աղջկա խաղ չէ» կարծրատիպը, իր հասակակիցներին խորհուրդ է տալիս իրականացնել իրենց երազանքներն ու պայքարել իրենց սիրած աշխատանքի համար:

Նաթիա Կուրտանիձեն թիմի ավագն է: Խաղից առաջ նա հոգ է տանում իր թիմակիցների մոտիվացիայի բարձրացման մասին և ղեկավարում է ռազմավարությունը խաղադաշտում: «Զարզմայի» կենտրոնական պաշտպանը `18 համարի տակ խաղացող աղջիկը իր ապագան կապում է ֆուտբոլային կարիերայի հետ:

«Ֆուտբոլն ամեն ինչ է, իմ կյանքում այս սպորտը զբաղեցնում է ամենանշանակավոր տեղը»,- ասում է թիմի ավագը:

«Զարզմայի» ամենատարեց խաղացողը 21 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը ՝ 13: Ախալցիխեում և հարակից գյուղերում բնակվող 25 աղջիկների միավորել է ֆուտբոլի հանդեպ սերը:

«Զարզմա» ֆուտբոլային ակումբի հիմնադրման գաղափարը Մաիսուրաձեների ընտանիքում առաջացել է 2013-ին, սակայն Գելա Մաիսուրաձեն կնոջ ու որդու օգնությամբ, միայն երեք տարի է, ինչ աշխատում է աղջիկների հետ:

«Ես ակումբը հիմնեցի, բայց չկար առաջնություն, որտեղ աղջիկները կկարողանային մասնակցել: Այսպիսով, կապնվեցի տարբեր տարածաշրջանների մարզիչների հետ, որպեսզի թիմերը մրցակցեին միմյանց դեմ: Արդյունքում, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծեց բարձրագույն լիգան, որտեղ աղջիկներն արդեն կարող էին մասնակցել »,-
պատմում է Գելա Մաիսուրաձեն:

Ֆուտբոլային թիմի նման, Մաիսուրաձե ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իր սեփական պարտականությունները: Կինը՝ Նանան հոգ է տանում աղջիկների մոտիվացիայի բարձրացման մասին, որդին ՝ Նիկան, մարզում է ֆուտբոլիստներին, իսկ Գելա Մաիսուրաձեն գլխավոր մարզիչն է: «Զարզմայի» հիմնադիրը և միաժամանակ Սամցխե-Ջավախքի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պատասխանատու է թիմի ֆինանսների համար:

Աղջիկների ֆուտբոլի հավաքականը երեք տարի է, ինչ խաղում է Վրաստանի առաջնությունում: 2020 թվականին նրանք կանանց ազգային առաջնությունում 16 թիմերի թվում զբաղեցրին 9-րդ հորիզոնականը: Այժմ նրանք պատրաստվում են ուղևորվել դեպի Վրաստանի առաջնություն: Թիմին ավելացան հինգ նոր խաղացողներ:

Անցած տարի՝ Նոյեմբերին, համաճարակից վախենալով, ծնողներից ոմանք թույլ չտվեցին երեխաներին մասնակցել ֆուտբոլի մրցույթին, որի արդյունքում, թերի կազմով թիմը պարտվեց: Այս խաղից հետո, մինչև մարտ ամիսը, աղջիկները միասին չեն մարզվել:

«Թիմը ցանկանում էր միասին լինել և մարզվել, քանի որ ֆուտբոլն առանց թիմային աշխատանքի ոչինչ է: Համաճարակի պատճառով այս գործին անցնել չէր հաջողվում», - ասաց Գելա Մաիսուրաձեն:

Կանանց ֆուտբոլային ակումբը առաջին լիգայում է, բայց նրանք անհրաժեշտ գումար չունեն մրցումների մեկնելու համար: Հետևաբար, «Զարզման» չգիտի, ինչպես շարունակել գործունեությունը: Ֆուտբոլային ակումբը չի ֆինանսավորվում տեղական բյուջեից: Գելա Մաիսուրաձեն տարիներ շարունակ ապարդյուն խնդրում է կառավարությունից աշխատավարձեր սահմանել թիմի ֆուտբոլիստների համար:

«Մենք ֆինանսական խնդիրներ ունենք, եւ այդ պատճառով սարսափելի իրավիճակում ենք հայտնվել: Քաղաքապետարանը ոչ մի հարցում չի օգնում: Ժամանակին ֆինանսավորվում էինք Ֆուտբոլի զարգացման հիմնադրամի կողմից, բայց չկարողացանք հայտնվել լավագույն հնգյակում և կորցրեցինք ֆինանսավորումը: Քաղաքապետարանը ստեղծել է նոր ֆուտբոլային թիմ և հովանավորում է միայն նրանց, մենք մնում ենք առանց օգնության: Տարեկան հարկավոր է մոտ 20 հազար լարի հարկերի, ճանապարհորդությունների և սննդի համար »,- մանրամասնում է Գելա Մաիսուրաձեն:

Ախալցիխեի ինքնակառավարումը ֆինանսավորում է միայն տեղական բյուջեից իրենց կողմից հիմնադրված թիմը: «Սամցխեն» այս տարի ստացել է 332.500 լարի:

«Ախալցիխեի քաղաքապետարանն ունի մեկ պրոֆեսիոնալ թիմ, դա «Սամցխեն» է: Կան նաեւ սիրողական թիմեր: Քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվում են տարբեր մրցաշարեր՝ մինի ֆուտբոլ, 7X7 և այլն: Այս փուլում քաղաքապետարանում անցկացվում են «Սիրողականների գավաթ 2121» խաղերը, որտեղ մասնակցում են ութ թիմեր: Ախալցիխեի քաղաքապետարանը դրամական պարգեւներ կտա շահած թիմերին: Առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա 500 լարի, երկրորդը ՝ 300 լարի, իսկ երրորդը ՝ 200 լարի», - մեզ հետ զրույցում Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից ասում է Նաթիա Կուրմաշվիլին:

Ախալցիխեի քաղաքապետարանը չկարողացավ միջոցներ գտնել թիմի համար: «Զարզման» շարունակում է առանց ֆինանսավորման ակտիվորեն մասնակցել առաջնություններին: Աղջիկները չեն կորցնում մոտիվացիան:

«Համաճարակը մեզ շատ վնաս պատճառեց, աղջիկները կորցրեցին մարզավիճակը: Մենք վաղուց պետք է ակտիվ մարզում սկսեինք, ինչպես նաև մասնակցեինք Վրաստանի առաջնությանը, բայց մրցաշրջանը ուշ սկսեցինք: Մենք ապրիլի 24-ին Թբիլիսիում պետք է խաղայինք «Սոխումիի» դեմ, բայց իրավիճակի վատթարացման պատճառով ստիպված էինք խաղը հետաձգել մինչ մայիսի 9-ը», - ասաց «Զարզմայի» գլխավոր մարզիչ՝ Գելա Մաիսուրաձեն:

«Զարզմա» թիմի աղջիկները անխնա մարզվում են: Ոչ կարծրատիպերը, ոչ ֆինանսական խնդիրները, ոչ էլ համաճարակը չեն կարող խոչընդոտել նրանց հասնել իրենց երազանքին:

 

| Print |
თეგები: աղջիկներ / սպորտ / ֆուտբոլ /