Լուրեր
Ուկրաինայի գլխավոր շտաբը մարտի 9-ի առավոտյան առկա իրավիճակի մասին
Ուկրաինայի պետական սահմանի անցակետերի մոտ շարունակվում են մարտերը։ Մարտեր են նաև ընթանում Նեժին, Իվանիցա, Տրոստյանեց բնակավայրերի մոտ, շարունակվում է Չեռնիգովի պաշտպանությունը։
  • Կիևի պաշտպանության ուժերը «հետ են շպրտում հակառակորդի հարձակումը»։
  • Ռուսական իշխանությունները Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում, զորավարժությունների անունի տակ, իրականացնում են թաքնված զորահավաք։ Բացի այդ, ռուսական կողմը ռուսական բուհերից հեռացնում է զորակոչային տարիքի արական սեռի ուսանողներին՝ բանակի ռեզերվը լրացնելու համար։
  • Ռուսաստանը պատրաստվում է մարտական գործողություններին ներգրավել չճանաչված Մերձդնեստրի մինչև 800 զինծառայող։
  • Բերդյանսկում տարածում են քարոզչական նյութեր, որոնք ուղղված են Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության վարկաբեկմանը։
  • Չեռնիգովի մարզի, ժամանակավորապես ռուսական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի, բնակելի շենքերում թաքցնում են սպառազինություն և ռազմատեխնիկա։
  • Խերսոնի մարզում պարզել են, որ ռուսական զինծառայողները, հագնելով քաղաքացիական հագուստներ, շարժվել են Նիկոլաևի ուղղությամբ։
Ի՞նչ է կատարվել մարտի 9-ի գիշերը՝ հակիրճ.
  • Մեծ Բրիտանիան արգելել է Ռուսաստան արտահանել ավիացիոն և տիեզերական արտադրանք ու տեխնոլոգիա, ինչպես նաև քրեական պատասխանատվություն սահմանել Մեծ Բրիտանիայի տարածքում Ռուսաստանի հետ կապված ցանկացած ինքնաթիռի թռիչքի կամ վայրէջքի համար։
  • «ԴԺՀ» իշխանությունները պնդում են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել 66 բնակավայր և հասել Զապորոժյեի մարզ։
  • ՌԴ ԿԲ-ն սահմանափակել է ռուսաստանցիների հաշիվներից արտարժույթի հանումը։ Այսուհետ հնարավոր կլինի հանել մինչև 10 000 դոլար, մնացածը՝ միայն ռուբլով։
  • Universal Music ձայնագրման ընկերությունն ու Condé Nast հրատարակչությունը դադարեցնում են իրենց բիզնես գործունեությունը Ռուսաստանում։
  • PepsiCo, Coca-Cola և Starbucks ընկերությունները հայտարարել են ՌԴ-ում իրենց գործունեության դադարեցման մասին։ McDonaldʼs-ը ժամանակավորապես փակում է իր բոլոր ռեստորանները՝ 850։
  • Ռուսաստանը հայտարարել է Մոսկվայի ժամանակով 10:00-ից (Երևանի ժամանակով 11:00-ից) Ուկրաինայի մի քանի բնակավայրերից հումանիտար միջանցքների ապահովման պատրաստակամության մասին։
| Print |