Լուրեր
Ծինուբան - գյուղ, առանց երիտասարդների
«Գործը շատ է, իսկ աշխատողը՝ քիչ»,- ասում են Ծինուբանում: Ախալցիխեի հայաբնակ գյուղում, հիմնականում ապրում են հասակավորները: Ծինուբանում ասում են, որ երիտասարդները գործազրկության և դժվար ապրուստի պատճառով լքում են գյուղը:

Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար հուլիսի վերջը ամենազբաղված շրջաններից է։ Ծինուբան գյուղում գործը շատ է, ուստի բոլորը դաշտերում են՝ կանայք, երեխաները, ծերերը։ Գյուղի կենտրոնում մարդ չգտանք, բոլորը հողատարածքներում կամ ճահիճներում էին։ Ավելի ուշ «բիրժայում» հավաքվել էին երեք տարեցներ։ Ֆիզիկապես ոչ աշխատունակները բավարարվում են նարդիով ու շախմատով։ Նրանցից մեկը 93-ամյա Օնիկ Պողոսյանն է:

«Իմ նախնիները այստեղ եկել են Էրզրումից: Գյուղում ամենա հասակավորը ես եմ, ոչինչ անել չեմ կարող, ոչ աշխատել, ոչ ցանել-հավաքել»,- ասում է գյուղում տարիքով ամենամեծը, ով շուտով գյուղից կհեռանա: Օնիկ Պողոսյանին որդիները տանում են Ռուսաստան:

«Կինս մահացել է, այստեղ ապրում եմ մենակ: Հիմա որդիներիս եմ սպասում, որ գան ու գնանք: Եթե ողջ մնամ, հաջորդ տարի գյուղ կգամ»:

Օնիկ Պողոսյանի երեք երեխաներն էլ ապրում են Ռուսաստանում։ Նա նույնիսկ չի հիշում, թե երբ են իր տղաները արտագաղթել: Ինչպես գյուղի ավագը, այնպես էլ Արութ Մարգարյանը Ռուսաստանում երեք տղա ունի: Մեկն էքսկավատորի վարորդ է, մյուսը մեքենա է վարում, իսկ երրորդը՝ շինարարական գործերով է զբաղված։ Տղաները իրենց կանանց ու երեխաներին գյուղում թողել են ծնողների մոտ ու տարիներ առաջ գնացել Ռուսաստան։ Արութ Մարգարյանը պատմում է, որ երկուսն ապրում են Մոսկվայում, երրորդը՝ Գելենջիկ քաղաքում։ Գյուղ են գալիս ձմռանը։ «Բա ի՞նչ անեն, գործ չկա»:

«Գյուղում ոչ ոք և ոչինչ չի մնացել, ամբողջովին դատարկվել է: Ոչ գործարան կա, որ մարդիկ գոնե աշխատեն, երկու կոպեկով ընտանիքները պահեն, դրա համար էլ դռները փակել ու գնացել են գյուղից»,- ասում է Գրիշա Եսայանը:

Գյուղում մնացածները հող են մշակում, բերքը վաճառում։ Ֆերմերներն ասում են, որ կարտոֆիլի անկայուն գնի պատճառով հաճախ ամբողջ տարվա աշխատանքը ջուրն է լցվում։ «Կարտոֆիլի գինը երբեմն լավ է, ձեռնտու, իսկ երբեմն այնքան ցածր է լինում, որ ծախսածն էլ չենք ստանում»:
Գյուղում զբաղվում են նաեւ անասնապահությամբ։ Նրանք վաճառում են այն ամենը, ինչ կարող են վաճառել: Եթե լավ տարի լինի, ու բավականից շատ խոտ հավաքեն, կվաճառեն ու ձմռան համար ընտանիքի սնունդը կապահովեն։

Ծինուբանում կա նաև ջրի խնդիր: Ասում են, որ կարտոֆիլը չեն կարողանում ջրել, հիմնականում անձրևի հույսով են։

«Ջուր չունենք, ինչպե՞ս ջրենք կարտոֆիլը: Քանի որ ջուր չկա, կարտոֆիլը շատ մանր է»:

Բնակչությունը միայն գործազրկությունից չի փախչում: Ծինուբանում չկա բժշկական կենտրոն, մանկապարտեզ և մարզահրապարակ։ Ի՞նչ է անում տեղական իշխանությունը գյուղացիների խնդիրները լուծելու համար: Ախալցիխեի քաղաքապետարանը մեզ չի պատասխանում և սահմանափակվում է կարճ, վերացական պատասխանով:

«Ախալցիխեի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում հավասարապես օգնում է բոլոր գյուղերին և ցուցաբերում անհրաժեշտ օգնություն»,- ի պատասխան մեզ, ասում են մամուլի գրասենյակից։

Բարձրլեռնային գյուղը գտնվում է Ախալցիխեից 13 կմ հեռավորության վրա: Գյուղական բնակչությունը նվազում է՝ այս մասին վկայում են նաեւ ընդհանուր մարդահամարի տվյալները։ Եթե 2002 թվականին գյուղում բնակվում էր 425 մարդ, ապա 2014 թվականին այս թիվը նվազել է՝ հասնելով 251-ի։ Ծինուբանցիներն ասում են, որ այժմ այդ թիվը էլ ավելի է կրճատվել:
| Print |
თეგები: գյուղ / Ծինուբան / հայաբնակ /