Լուրեր
Ոչ ռուսական օրենքին՝ ցույց Ախալցիխեում
Այսօր՝ ապրիլի 15-ին, ռուսական օրենքի դեմ բողոքում են նաև Ախալցիխեում։ Ցույցը նախաձեռնվել էր սոցցանցում։ Կազմակերպիչ Բեքա Մեսխին քաղաքացիներին կոչ է արել ժամը 19:00-ին հավաքվել Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ։

«Մենք բողոքում ենք ռուսական օրենքի դեմ, մեր ճանապարհը տանում է միայն դեպի Եվրոպա»,- ասում են հանրահավաքի մասնակիցները։Ակտիվիստ Բեքա Մեսխին tv9news.ge-ին ասում է, որ անկախ քաղաքացիական ակտիվիստ է, ում սիրտը ցավում է երկրում տեղի ունեցող իրադարձություններից։

Այսօր՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը սկսել է քննարկել «գործակալների օրենքը»։ Վրաստանի գործընկեր երկրների և կազմակերպությունների գնահատմամբ՝ այս օրենքը կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը, մինչդեռ իշխող կուսակցությունը պնդում է, որ այն եվրոպական է։

Խորհրդարանի շենքի մոտ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկման դեմ, որը կոչում են ռուսական օրենք։ 2012 թվականին Ռուսաստանում ընդունված և տարիների ընթացքում սրված նմանատիպ օրենքը հիմք դարձավ քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումների։
| Print |