Քաղաքականություն
Մարդկությունը գնում է դեպի կլիմայական դժոխք. Գուտերեշ
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսում COP27 կլիմայական կոնֆերանսի բացմանը հայտարարել է, որ մարդկությունը ամբողջ թափով գնում է դեպի կլիմայական դժոխք ու կոչ է արել զարգացած և զարգացող երկրներին կլիմայական համերաշխության համաձայնագիր կնքել։

«Գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել։ Եվ մեր մոլորակն արագ մոտենում է բեկումնային կետին, որը անշրջելի կդարձնի կլիմայական քաոսը։ Մենք կլիմայական դժոխքի ճանապարհին ենք, մեր ոտքն էլ` արագացուցիչի վրա։ Ահա` ինչու եմ ես կոչ անում պատմական` կլիմայական համերաշխության համաձայնագիր ստորագրել զարգացող և զարգացած երկրների միջև», – ասել է Գուտերեշը։

Նրա խոսքով` այդ պակտի համաձայն բոլոր երկրները կկարողանային լրացուցիչ ջանքեր գործադրել այս տասնամյակում արտանետումների կրճատման համար` գլոբալ տաքացման մակարդակը 1,5 աստիճանի վրա պահելու նպատակին համապատասխան։

Բացի այդ, առավել հարուստ երկրներն ու միջազգային ֆինանսական հաստատությունները ֆինանսական և տեխնիկական օգնություն կտրամադրեին, որպեսզի օգնեին զարգացող երկրներին արագացնել անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին։

Ինչպես նշել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը` պակտը հանածո վառելիքից կախվածության դադարեցում և ածխային էլեկտրակայանների շինարարության դադարեցում, ինչպես նաև քարածուխի օգտագործումից աստիճանական հրաժարում կենթադրեր մինչև 2030 թվականը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում և մինչև 2040 թվականը` բոլոր մյուս երկրներում։

Գլխավոր քարտուղարի խոսքով`այն կապահովեր բացառիկ, հասանելի և կայուն էներգետիկա բոլորի համար, իսկ զարգացած և զարգացող տնտեսությունները դրանում կմիավորվեին ընդհանուր ռազմավարության շուրջ։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ խոշորագույն երկու տնտեսությունները` ԱՄՆ–ն և Չինաստանը, հատուկ պատասխանատվություն են կրում այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար ջանքերը միավորելու հարցում։

Հավելենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) մասնակցելու համար Եգիպտոս է մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
| Print |