«Եվրոպայից զբոսաշրջիկների քանակը նվազել է» - գինեգործ Գիորգի Նաթենաձե
«Նաթենաձեի գինու ռեստորանի» և «Նաթենաձեի գինու մառանի» հիմնադիր և ղեկավար Գիորգի Նաթենաձեն ասում է, որ Վրաստանում այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունումը ազդել է Եվրոպայից զբոսաշրջիկների քանակի վրա։ Նրա խոսքով, այս առումով իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ։
«Սեզոնը նոր է սկսվել, և եթե համեմատենք նախորդ տարիների այս ժամանակահատվածի հետ, Եվրոպայից զբոսաշրջիկների քանակը նվազել է։ Մենք հետևում ենք Եվրոպայի երկրներից այցելուների հոսքին, և կարծում եմ, որ երկրում ընթացող իրադարձությունները ավելի մեծ ազդեցություն կունենան և բացասաբար կանդրադառնան»,- ասում է Գիորգի Նաթենաձեն։
Ռեստորանային բիզնեսից բացի, Գիորգի Նաթենաձեն արտադրում է մեսխական գինի և արդեն 10 տարի է, ինչ վաճառում է այն Եվրոպայի յոթ երկրներում՝ Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում և Նորվեգիայում։ Ապագայում նա նախատեսում է ավելացնել արտահանվող երկրների քանակը։ Գիորգի Նաթենաձեն հույս ունի, որ երկրում ստեղծված իրավիճակը, ընթացող իրադարձությունները և այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունումը չեն ազդի իր արտադրանքի իրացման վրա։
«Չնայած նրան, որ առայժմ փոքր քանակությամբ է, մեր գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մենք արտադրում ենք որակյալ գինի, ուստի ապագայում շատ ծրագրեր ունենք։ Այս փուլում, այս իրադարձությունները վաճառքների վրա չեն անդրադարձել, սակայն վտանգներ կան»,- ասում է Գիորգի Նաթենաձեն։
Չնայած մարդկանց, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց այսպես կոչված «Ռուսական օրենքը»:
Օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն»: Հակառակ դեպքում նրանք կտուգանվեն։
Օրենքի ընդունումն արդեն արժանացել է արեւմտյան գործընկերների բուռն արձագանքներին։ Այսպես կոչված «Ռուսական օրենքի» ընդունման պատճառով ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել պետական պաշտոնյաների նկատմամբ: Մի քանի օր առաջ հանրությանը հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, ըստ որի՝ եթե երկրում իրավիճակը չբարելավվի, ապա Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի անձնակազմի նկատմամբ, կդադարեցնի ֆինանսական օգնությունը, իսկ ծայրահեղ դեպքում՝ ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը։ Փաստաթուղթը նախատեսում է մի կողմից կարճաժամկետ միջոցներ, մյուս կողմից՝ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել, եթե Վրաստանում ապագայում իրավիճակը դեպի լավը չփոխվի։