«Ով Ռուսաստան չի կարող գնալ, ինձ նման դոմինո է խաղում»,- Կուլիկամի բնակիչները
Ջավախքի գյուղերի հիմնական խնդիրները գլխավորապես նույնն են:
Գրեթե բոլոր գյուղերում էական է կարտոֆիլի ցածր գինը, վաճառքը, փակված և սեփականատիրոջ կողմից լքված տները, անգործությունն ու երկքաղաքացիությունը: Ախալքալաքից հինգ կմ հեռավորությամբ գտնվում է գյուղ Կուլիկամը, որի բնակչության մեծամասնությունը կազմում են ազգությամբ հայերը:
Փակված տները և գյուղում նվազող բնակչությունը 80-ամյա Էլիչկա Քոսոյանի համար ամենացավոտ հարցերից մեկն է: Տանը մենակ մնացած կինն ասում է, որ տեղացիները ստիպված են ապրել ծանր պայմաններում:
«Կարտոֆիլն անգամ չենք կարող լավ վաճառել: Փորձում ենք գյուղատնտեսությամբ գոյատևել, բայց չի ստացվում: Դրա համար էլ գյուղը դատարկվել է: Տեղացիները փող աշխատելու համար գնում են Ռուսաստան, բայց այնտեղ էլ խնդիրներ ունեն: Աշխատավարձերը ժամանակին չեն տալիս և ռուսները նեղացնում են նրանց»,- պատմում է թոշակառու կինը:
Էլիչկա Քոսոյանի երեխաները տարիներ է, ինչ աշխատում են Ռուսաստանում: Ասում է, որ անբարենպաստ պայմանների պատճառով, հաճախ գյուղ վերադառնում են դատարկաձեռն: Վրաստանում անգործության պատճառով ստիպված են կրկին դիմել Ռուսաստանի օգնությանը:
Տեղացիները անգործության դեմ պայքարում են հողագործությամբ: Ստացված բերքը վաճառել դժվարանում են, դրա համար բանջարեղենը ցանում են այնքան, որ կարողանան ընտանիքը պահել:
Գուլիկամի բնակչությունը բողոքում է նաև անսարք ճանապարհների պատճառով: Գյուղում կենտրոնական ճանապարհից բացի, պահանջում են վերակառուցել նաև ներքին ճանապարհները: Տեղացինեը կասկածում են, որ տեղական իշխանությունը ձախողված ընտրությունների պատճառով չի լուծում նրանց խնդիրները:
«Ճանապարհները ոչ ոք չի կառուցում, անձրևոտ եղանակին այստեղ քայլելն անհնար է: Հորդառատ անձրևների ժամանակ վախենում ենք, որ գյուղը կարող է քշել-տանել: Ձմռանը ավելի հեշտ է տեղաշարժվել, քանի որ ձյունը ճանապարհն ուղղում է: Կամուրջ էին կառուցում, խոստացան, որ շուտ կավարտեն, բայց խոստումը խոստում մնաց»,- պատմում է Մնաց Շահմեկյանը:
«Բիրժայում» դոմինո խաղալով զբաղված մարդիկ, 9-րդ ալիքի մոտ նշում են նաև այն, որ ճանապարհի խնդիրը լուծելու համար մի քանի անգամ դիմել են գյուղապետին: Ընտրություններից առաջ տեղական ինքնավարությունից ստացել են խոստումներ, բայց հետո գյուղ ոչ ոք չի գնացել:
«Տեխզննում ստիպված ենք անցնել: Ինչպես պետք է ունենանք լավ մեքենաներ, երբ գյուղում այսպիսի ճանապարհներ են: Քաղաք գնալուց մեքենաները քանդվում են: Ամբողջ գյուղով գնացինք դիմելու, խնդրեցինք ասֆալտապատել, խոստացան, բայց ոչինչ չեն արել»,- ասում են տեղացիները:
Գյուղացիների խնդիրների մասին Ախալքալաքի քաղաքապետարանում տեղյակ են: Յուրի Հունանյանը լրացուցիչ միջոցներ գտնելու դպքում խոստանում է գյուղում կառուցել նոր բժշկական կենտրոն:
«Ներքին ճանապարհները Ախալքալաքի ոչ մի գյուղում ասֆալտապատ չեն: Մենք կարևորություն ենք տալիս Ախալքալաքի հեռավոր գյուղերին և պատրաստվում ենք նրանց հետ կապող ճանապարհները վերակառուցել: Այս փուլում Կուլիկամը ասֆալտապատել չի նախատեսվում: Ինչ վերաբերվում է բուժկետին, աշխատանքներն արդեն սկսվել են, սակայն ոչ Կուլիկամում»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը:
Ըստ մարդահամարի՝ գյուղի բնակչությունը 2014 թվականից ի վեր կրճատվել է 740 մարդով: Տեղացիների մի մասը ապրելու համար տեղափոխվել է քաղաք, իսկ մի մասը գնացել է Ռուսաստան: