Գյուղատնտեսություն
Հայաբնակ գյուղ, որով «ընտրություններից հետո ոչ ոք չի հետաքրքրվում»
Գյուղ Ախալցիխեում, որտեղ խմելու և ոռոգման ջրի, ճանապարհների, տրանսպորտի, բնական գազի բացակայությունն էլ ավելի է դժվարացնում կյանքը։ Հայաբնակ գյուղ Ծիրայում ասում են, որ նրանց ոչ ոք չի լսում, իսկ ընտրություններից մեկ ամիս առաջ, մեկ անգամ գյուղ այցելող թեկնածուները նրանց դժվարությունները չեն տեսնում: Այլ կերպ չեն կարող բացատրել, թե ինչու այսքան ժամանակ չի լուծվել գոնե մեկ խնդիր:

Եգիկյանների մեծ ընտանիքը վառելափայտ է մատակարարել աշնանը, վճարելով մինչև հազար լարի: Ծիրա գյուղում վառարանն ու վառելափայտը ջեռուցման միակ միջոցներն են: Տանտիրուհին սեփական կովի կաթից պատրաստած պանրով ու կարագով խաճապուրի թխեց, կարտոֆիլը պատրաստեց խաշելու համար, վերցրեց թելն ու ասեղը՝ առջևում է երկար ու դաժան ձմեռը, որի ամեն օրը գյուղացիների համար նույնն է։ Առաջին հայացքից ամեն ինչ այնպես է, ինչպես Վրաստանի մյուս շրջաններում, սակայն տեղացիներն ունեն էլ ավելի շատ խնդիրներ, քան նույնիսկ հարեւան գյուղի բնակիչները։

«Գյուղում աշխատանք չկա: Տանը վեցն ենք, աշխատում է միայն որդիս, նա էլ արհեստավոր է: Եթե գյուղում աշխատանք լինի, հարսս էլ կաշխատի, ես էլ, բայց՝ չկա: Մենք ստանում ենք թոշակ, բայց չի հերիքում, ամեն ինչ թանկացել է, ալյուրը թանկ է, սննդամթերքը նույնպես, շատ խնդիրներ կան: Ունենք երկու կով, կաթն ու պանիրը տանից է, երբ մեքենաներ են գալիս գյուղ ու միրգ, շաքար, բրինձ, մակարոն են բերում, փոխում ենք նրանց հետ»,- ասում է Ալվարդ Եգիկյանը:

Ծիրան գտնվում է ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա, Ախալցիխե քաղաքից ութ կիլոմետր հեռավորությանբ: Համաձայն 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղում ապրում է 451 մարդ: Այս թիվը սեզոնային աշխատանքների ժամանակ աստիճանաբար նվազում է: Գյուղում հինգ տարի է, ինչ հանրային տրանսպորտ չի գործում: Բնակիչները ցավում են, որ հաճախ ստիպված են կիլոմետրեր անցնել ոտքով։

Գյուղացիների եկամուտի միակ աղբյուրը հողագործությունն ու անասնապահությունն է։ Տեղացիներն ասում են, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով գրեթե չեն կարողանում բերք հավաքել։ Սակայն գյուղմթերքի վաճառքից ստացված գումարով ստիպված են ընտանիքը ապահովել ողջ տարին։
Գյուղում խնդիրներն անպակաս են, սակայն տեղի բնակիչներին ամենաշատն անհանգստացնում է կառավարության անուշադրությունը։ Ասում են՝ ինքնակառավարության ներկայացուցիչները Ծիրա այցելում են միայն ընտրություններից առաջ, իսկ ընտրություններից հետո ՝ մոռանում:

«Գալիս են միայն ընտրությունների ժամանակ, հարցնում, թե ինչ խնդիրներ ունենք, մենք բացատրում ենք, գնում ընտրությունների, ավարտվում են ընտրություններն ու այլևս ոչ ոչ չի մտածում մեր հոգսերի մասին: Ոչ ոք չի հարցնում, թե ինչով ենք ապրում: Միայն ընտրություններին են գալիս, հարցեր տալիս և վերջ: 40 տարի է, ինչ այստեղ եմ ապրում և ջրի խնդիրը միշտ առկա է: Անցած տարի ջուրը սառել էր, դույլերով բերում էինք ձորից, ձյունն էինք հալում անասունների համար»,- ասում է Ալվարդ Եգիկյանը:

Ախալցիխեի քաղաքապետն էլ իր նախորդների նման, ընտրություններից առաջ գյուղ է այցելել։ Իրակլի Լազարաշվիլին ասում է, որ հաղթանակը տոնելուց հետո այդ շրջանում չի եղել: Քաղաքապետարանի առաջին անձը 2022 թվականին բնակչությանը շատ խոստումներ չի կարող տալ: Հուսով է, որ հաջորդ տարի քաղաքի հետ կապված մի քանի կիլոմետրանոց ճանապարհը կվերանորոգվի: Ինչ վերաբերվում է մնացած խնդիրներին, ապա Լազարաշվիլին չի կարող ասել, թե երբ կբարելավվի տեղի բնակիչների կենսամիջավայրը։

Գյուղում ենթակառուցվածքային խնդիրներից բացի, անհանգստացած են նաեւ սեզոնային աշխատանքի մեկնած երիտասարդների ճակատագրով։ Բնակիչներն ասում են, որ գրեթե բոլոր աշխատունակ տղամարդիկ գնում են Ռուսաստան։ Գյուղում մնում են կանայք, երեխաներն ու ծերերը։ Ռուսաստանում նույնպես հեշտ չէ աշխատել և ընտանիք պահել արտերկրից: Տեղացիները նախընտրում են ունենալ համապատասխան պայմաններ և գյուղատնտեսությամբ զբաղվել սեփական երկրում։
| Print |