Կրոն
Ավագ Երկուշաբթի - ի՞նչ պետք է իմանալ Ավագ շաբաթվա մասին

 

Ս․ Զատկին նախորդող շաբաթը կոչվում է ԱՎԱԳ, քանզի անդրադառնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին ուսուցումներին, ինչպես նաև մատնությանը, չարչարանքներին, խաչելությանը, մահվանը և այլն։ Այն ավարտվում է Քրիստոսի հրաշափառ հարության հռչակմամբ։

ԱՎԱԳ են անվանվում նաև այս շաբաթվա յուրաքանչյուր օրը՝ ինքնատիպ սուրբգրային ընթերվածներով և խորհրդով։

Այս շաբաթ կարող ենք երեք անգամ Ս․ Հաղորդություն ստանալ՝ Ավագ Հինգշաբթի առավոտյան, Ավագ Շաբաթ երեկոյան և կիրակի։

Մեծ Պահքից դուրս ենք գալիս կա՛մ շաբաթ երեկոյան, կա՛մ կիրակի առավոտյան։

ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ հիշատակվում են Անպտուղ թզենու պատմությունը և տաճարի մաքրագործումը։ Աստված ուզում է տեսնել մեր բարի գործերն ու հավատքով կյանքը, իսկ տաճարը՝ եկեղեցին, գործածել ըստ իր առաքելության։

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ եկեղեցում ընթերցվում է Տասը կույսերի առակը՝ ուսուցանելով մեզ ամեն ժամ պատրաստ լինել Տիրոջ գալստյանը։

ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ հիշատակվում են Հիսուսի օծումն ու Հուդայի մատնությունը։

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ նվիրված է Վերջին ընթրիքին Ս․ Հաղորդության հաստատմանը և Ոտնլվային։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ԱՊԱՇԽԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԳ, ապա մատուցվում է Ս․ Պատարագ։ Կեսօրին կատարվում է Ոտնլվա։ Այս ծիսակարգի և աղոթքների հեղինակը Ս․ Եփրեմ Ասորին է։ 11-րդ դարում այն հայերեն է թարգմանել և մեր ծեսում ներմուծել Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը։ Արարողությունից հետո հավատացյալներին օրհնված յուղ՝ կարագ է բաժանվում։

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԸ խաչելության և թաղման խորհուրդն ունի։ Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է ԽԱՎԱՐՄԱՆ կարգ, իսկ ուրբաթ կեսօրին՝ թաղմանը։

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ հիշատակում ենք դժոխքի ավերումը, իսկ Ճրագալույցի Ս․ Պատարագին հավատացյալներին տրվում է Ս․ Հարության ուրախ ավետիսը։

 

| Print |