Բժիշկների պետիցիային միանում են նաև Սամցխե-Ջավախեթիից
Երկրում ընթացող իրադարձությունների և Վրաստանի կառավարության ընտրած ուղու պատճառով, դեկտեմբերի 1-ից սկսած՝ բժշկական ոլորտի ներկայացուցիչները կազմել են պետիցիա, որը ստորագրում են ինչպես Վրաստանի տարածքում, այնպես էլ այլ երկրներում բնակվող վրացի բժիշկները։
Ներկայումս պետիցիան ստորագրել է 2037 բժիշկ, որոնց թվում են նաև Սամցխե-Ջավախեթիում աշխատող բժիշկները։ Մանիֆեստին Ախալցիխեից միացել են Մայա Զազաձեն, Ցիրա Զազաձեն, Թամար Զեդգինիձեն, Բորջոմիից՝ Սաթենիկ Ալեքսանյանը, իսկ Նինոծմինդայից՝ Սվետլանա Թումասյանը։
«Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները լիովին գիտակցում են իրենց մասնագիտական պատասխանատվությունը։ Մեր պարտքն է պաշտպանել մարդու կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը, ինչը կարող ենք առավել արդյունավետ իրականացնել ազատ և ժողովրդավարական հասարակությունում։
Մենք տեսնում ենք, որ երկրի այսօրվա կառավարիչները չեն հարգում օրենքը, ոտնահարում են մարդու իրավունքները, բռնություն կիրառում քաղաքացիների նկատմամբ և խաթարում Վրաստանի եվրոպական ապագան։
Բժիշկները կանգնած են վրացի ժողովրդի կողքին՝ մեր ազատության և ընդհանուր պետության փրկության համար մղվող պայքարում։
Վրաստանի ապագան ժողովրդավարական միջազգային համայնքում է։ Վրաստանի տեղը Եվրամիությունում է»,- նշում են բժիշկները։
Վրաստանում ընթացող իրադարձությունների ֆոնին տարբեր ոլորտների ներկայացուցիչներն արդեն կազմել են մի քանի պետիցիաներ՝ ի նշան բողոքի կառավարության կողմից ԵՄ-ի հետ բանակցությունների դադարեցման, խաղաղ ցույցերի մասնակիցների բռնի ցրման և նրանց նկատմամբ կիրառվող բռնության դեմ։