Հասարակություն
«Երեխաներս հատակին են քնում, առնետների հետ». Ծանր պայմաններում ապրող ընտանիք Սամցխե-Ջավախքից
Գյուղ Խևաշենում Մինաձեների չորս հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է անտանելի ծանր պայմաններում: Երիտասարդ զույգի և երկու անչափահասների համար միակ ապաստարանը վթարային իրավիճակում գտնվող տունն է, որտեղ անգամ առաջին անհրաժեշտության իրեր չկան: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, և նրանց եկամուտը միայն սոցիալական նպաստն է:

Քնել անբավարար մահճակալներում, սնվել հերթականությամբ, ապրել կրծողների հետ – սա Մինաձեների առօրյան է: Չորս հոգանոց՝ ծայրահեղ աղքատ ընտանիքն ապրում է Ադիգենի քաղաքապետարանի Խևաշենի գյուղի կիսաշեն տանը, որը բաղկացած է ընդամենը երկու սենյակից:
«Այնտեղ, որտեղ հիմա մենք ենք գտնվում, ապրելն անհնար է: Տեսեք, այստեղ ապրելը նույնն է, ինչ դրսում մնալը: Երեխաների համար անկողին չունենք, հատակին են քնում: Մեզ հետ, մեզ նման, այս տանն ապրում են մկներն ու առնետները»,- հուսահատ խոսում է Քեթևան Մերաբիշվիլին:


Տարիներ շարունակ Մինաձեների երեխաները մեծանում են ուրիշի հագուստով: Նրանց համար հագուստ տալիս են հարեւանները:

«Հագուստ չունենք: Ապրում ենք նրանով, ինչ տալիս են հարևանները: Երեխային երկրորդ ձեռքի հագուստով տարանք դպրոց: Երեխաներիս սնունդը միայն մակարոնն է: Քանի տարի է, քաղցրավենիք կամ կոնֆետ չեն կերել: Թե ինչ է քաղցրավենիքը, չգիտեն: Միշտ խնդրում են, ասելով, որ սնունդ գնենք, բայց ինչպե՞ս, խնայում եմ: Երազում եմ տանը ալյուր ունենալ, գոնե հաց կամ թխվածք կպատրաստեմ փոքրիկներիս համար: Ի՞նչ անեմ, չէ որ ես էլ մարդ եմ...»,- ասում է տան կինը:

Մինաձեների հիմնական մտահոգությունը այժմ երեխաների անվտանգությունն է: Նրանք ուզում են մի փոքր, ամուր կառույց կառուցել տան դիմաց, որտեղ կարող են հանգիստ քնել գիշերը:

Տանը, որտեղ նրանք այժմ ապրում են, կահույք չկա, փոքրերը քնում են հատակին: Ընտանիքը չունի բավարար սպասք, այդ իսկ պատճառով հացն ուտում են նույն ափսեներով, հերթականությամբ: Սոցիալական օգնությունը չի հերիքում անգամ սնվելու համար: Երեխաները նույնիսկ խաղալիքներ չեն տեսել:

«Մի քանի տարի առաջ գնեցինք այս տունը, հողից է: Միայն երկու սենյակ կա: Այն էլ փլուզվում է: Մի անգամ որոշեցի տան դիմացի հատվածում երեխաների համար փոքրիկ տարածք կառուցել, բայց չկարողացա հարկավոր նյութերը ձեռք բերել: Միակ եկամուտը սոցիալական օգնության 280 լարին է ամսեկան և 60 լարիի սնունդը: Իհարկե այս գումարը չի հերիքում, քանի որ երեխաները սնվել ու հագնվել են ուզում: Ոչ մի օգնություն չունենք: Երեկ հարևանս միք իչ փայտ բերեց, որպեսզի երեխաներս չմրսեն»,- ասում է Իմեդա Մինաձեն:

Յոթ ամյա Նիկոլոզի երազանքը կերակուրը, խաղալիքներն ու լավ տունն է: Վախենում է քնել, քանի որ միշտ հիշում է...Քնած ժամանակ առնետը կծել է նրա մատը:

«Շատ եմ ուզում կարտոֆիլ ուտել, գիտե՞ս, շա՜տ եմ ուզում, այլևս մակարոն չեմ ուզում: Խաղալիքներ էլ եմ ուզում, գնդակներ, մեքենաներ, ուզում եմ նաև նոր հագուստ, որ գեղեցիկ հագնված գնամ դպրոց: Որ Բարբարեն լաքեր և գեղեցիկ շորիկներ ունենա...»,- պատմում է Նիկոլոզը:
Գյուղի հոգաբարձուն տեղյակ է Մինաձեների ընտանիքի ծանր վիճակի մասին, Գիորգի Էնդելաձեն հաստատում է, որ ընտանիքը կախված է պետական նպաստից և Քաղաքապետարանի սոցիալական փաթեթից: Նա ասում է, որ համաճարակից առաջ քաղաքապետարանը մի անգամ սնունդով և գումարով օգնեց ընտանիքին:

«Անցած Նոր տարուն իմ ձեռքով սնունդ տարա նրանց համար: Պատգամավորն էլ օգնում է: Մինչ այժմ միշտ օգնում էինք, հիմա համաճարակի պատճառով չենք կարող: Միայնակ երբեք չէինք թողնում: Ամուսնուն Աբասթումանիում գործ առաջարկեցինք, բայց չեկավ: Ասելով, որ չի ուզում աշխատանք, քանի որ հետո կվերացնեն սոցիալական օգնությունը: Մենք ինչ անենք»,- հայտարարում է Ադիգենի քաղաքապետի ներկայացուցիչը Խևաշենում՝ Գիորգի Էնդելաձեն:

Ընտանիքը բարդ իրավիճակից միակ ելքը համարում է բարի մարդկանց աջակցությունը: Նրանք հույս ունեն և հավատում են, որ մարդկանց օգնությամբ դժվար ապրուստը կթեթևացնեն: Մինաձեներին այս փուլում անհրաժեշտ է ունենալ կահույք, տարրական պարագաներ, սնունդ և հագուստ:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |