Հասարակություն
Բնակիչները քաղաքապետին հիշեցնում են չկատարված խոստումները՝ ո՞ր ծրագրերը չեն ֆինանսավորվել
Ախալցիխեի քաղաքապետը և Սակրեբուլոյի նախագահը հանրությանը ներկայացրել են 2022 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը։ Քաղաքապետարանի առաջին անձինք խոսել են ենթակառուցվածքային ծրագրերի և ապագա նախագծերի մասին։ Քաղաքացիական հատվածի և տեղացիների հարցերը վերաբերում էին բնակչությանը հուզող խնդիրներին։ Ներկաները քաղաքային իշխանությանը հիշեցրին նաև նախընտրական խոստումների մասին։ Ի՞նչ է պահանջում ժողովուրդը և ի՞նչ է խոստանում քաղաքապետը:

Գործազրկություն, արտագաղթ, խմելու ջուր, քանդված ճանապարհներ, սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրներ՝ բնակչությունն թվարկում է քաղաքապետարանի հիմնական խնդիրները։ Ախալցիխեում տարիներ շարունակ առաջնահերթությունները չեն փոխվում: Տեղացիները դժգոհում են դատարկվող գյուղերից, քաղաքացիները ծանր պայմաններից և աղքատությունից փախչում են մեծ քաղաքներ կամ արտերկիր։ Նրանց կարծիքով, մարզի բնակչության խնդիրները «կառավարությունը պետք է գիտենա ու ամեն օր տեսնի»։

Այն, որ քաղաքապետարանում լուծելու բազմաթիվ խնդիրներ կան, գիտակցում են տեղական իշխանությունները։ Սամցխե-Ջավախեթիում պետական ներկայացուցիչը քաղաքապետի և խորհրդի նախագահի մեկ տարվա աշխատանքի հաշվետվությունը ներկայացնելիս ասաց, որ քաղաքապետարանում ամեն ինչ կարգին չէ:

«Գիտեմ, որ ոչ բոլորդ շնորհակալություն կհայտնեք, ամեն ինչ ավարտված չէ, լուծելու շատ խնդիրներ կան։ Գազաֆիկացման հարցը կրկին առկա է, 24-ժամյա խմելու ջրի հարցը դեռ լուծված չէ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Լողավազանը, որը մեր խոստումն է, մոտ է ավարտին: Կարեւոր կլինի զարգացման կարգավորման պլանի հաստատումը։ Կարծում եմ, որ հաջորդ տարիները բեղմնավոր կլինեն»,- ասել է Բեսիկ Ամիրանաշվիլին։

ՏԻՄ-ում ասում են, որ բյուջեից ամենաշատ գումարը հատկացվում է հիմնական խնդիրներին։ Ենթակառուցվածքներ, սոցիալական ծրագրեր և նախադպրոցական կրթություն՝ ահա թե ինչպիսին են եղել քաղաքապետարանի առաջնահերթությունները 2022 թվականին։ Առաջնահերթ ոլորտներն այս տարի եւս անփոփոխ են:

Նախորդ տարվա բյուջեն սկզբնական փուլում կազմել է 21 մլն 600 հազար լարի, տարվա ընթացքում գրեթե նույնքան գումար է ավելացվել կենտրոնական բյուջեից, և վերջապես 2022 թվականի վերջին, բյուջեն կազմել է 40 մլն լարի։
| Print |