«Այս օրենքը դուր է գալիս մեր թշնամուն՝ Ռուսաստանին, և սա է գլխավոր խնդիրը» - Ալեքսի Գրիգալաշվիլի
16:56 / 19.08.2024
Վրաստանի խորհրդարանի կողմից մայիսի 28-ին ընդունված այսպես կոչված «ռուսական օրենքը» արդեն իսկ ազդեցություն է ունեցել Վրաստանի զբոսաշրջային վիճակի վրա, այս մասին խոսում են զբոսաշրջության ոլորտում աշխատողները։
Եվրոպայից եկած զբոսաշրջիկների փոխարեն ավելացել է ռուս այցելուների թիվը։ Ռուսաստանի քաղաքացիներին կարելի է տեսնել ոչ միայն զբոսաշրջային վայրերում, այլև քաղաքի փողոցներում։
Ճանապարհորդների ակումբ «Աբուլի»-ի հիմնադիր Ալեքսի Գրիգալաշվիլին տարիներ շարունակ զբաղվում է զբոսաշրջության ոլորտում։ Նա ասում է, որ Վրաստանում զբոսաշրջության զարգացումը հիմնականում պայմանավորված է արևմուտքից ստացված ֆինանսավորմամբ, հետևաբար, մեծ էր նաև օգուտը։ Ալեքսի Գրիգալաշվիլին մտահոգված է, որ եթե երկիրը փոխի իր արևմտյան ուղին, այս փաստը Վրաստանում զբոսաշրջության զարգացման վրա դրական ազդեցություն չի ունենա։ «Մի քանի տասնամյակ է, որ Ամերիկան և Եվրոպան զարգացնում են զբոսաշրջությունը բոլոր ուղղություններով և միլիոնավոր գումարներ են ներդնում տարբեր ծրագրերում, որպեսզի նրա պոտենցիալը աճի։ Իսկ այժմ այս օրենքը շատ վատ ազդեցություն կունենա, մենք այլևս չենք կարողանա արտադրել և տրամադրել արտադրանքը այցելուներին և այլն։ Ամենավատն այն է, որ մեր դաշնակիցներին թշնամի ենք անվանում, և այս օրենքը դուր է գալիս մեր թշնամուն՝ Ռուսաստանին», - ասում է Ալեքսի Գրիգալաշվիլին։ Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների դիմադրությանը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց օրենքը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի նպատակն է ապահովել օտար երկրներից ստացված ֆինանսավորումների թափանցիկությունը։
Օրենքը ուժի մեջ մտավ օգոստոսի 1-ից, ըստ որի, այն մեդիա և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժերի շահերի կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում կձեռնարկվեն տուգանքներ։ Նման օրենք 2012 թվականից գործում է Ռուսաստանում։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օկուպանտ երկրում շատ կազմակերպություններ փակվեցին։ Ռուսաստանում այլևս գոյություն չունեն անկախ մեդիա և քաղաքացիական հասարակություն։
Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանում ընթացող գործընթացները Արևմուտքում սուր արձագանք առաջացրեցին։ Քննադատական հայտարարությունների հետ մեկտեղ, Վրաստանի Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը դադարեցվեց, կիրառվեցին տարբեր սանկցիաներ և ֆինանսական սահմանափակումներ, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ամերիկայի կողմից։ Վրաստանում նախագահը, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանում հայց ներկայացրեցին՝ պահանջելով օրենքի կասեցում, որը դատարանը կքննարկի մոտ մեկ ամսվա ընթացքում։