Վրաստանում այսօրվանից՝ նոյեմբերի 9-ից, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մի շարք սահմանափակումներ են մտնում ուժի մեջ: Նյութը պատկանում է Ալիք Մեդիային:
Մասնավորապես, այսօրվանից Վրաստանում կգործեն հետևյալ սահմանափակումները.
1. Խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն կարգելվի քաղաքացիների տեղաշարժը: Խոսքն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցով տեղաշարժվելու մասին է: Արգելքը ասհմանվում է անորոշ ժամանակով, չի տարածվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների վրա: Տեղաշարժի իրավունք կստանան նաև ռազմավարական նշանակության ու բժշկական կառույցների աշխատակիցները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, առաքման ծառայությունների համար ևս բացառություններ կարվեն:
2. Բոլոր կազմակերպությունները կաշխատեն մինչև ժամը 22:00-ն, բացի դեղատներից և ռազմավարական նշանակության օբյեկտներից,
Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամանակավորապես կփակվեն ինչպես մունիցիպալ, այնպես էլ մասնավոր մանկապարտեզները,
3. Սահմանափակումներով է գործելու նաև հանրային տրանսպորտը։ Մասնավորապես` վարորդները պարտավոր են լինելու հետևել, որ ավտոբուսում ու երթուղայինում կանգնած ուղևոր չլինի: Մետրոյում ևս ուղևորահոսքի վերահսկման որոշում է կայացվել:
4. Այսօրվանից տեղաշարժման արգելքն անտեսելու համար 2000 լարի (մոտ 600 դոլար) տուգանք է սահմանվել ֆիզիկական անձանց համար, իրավաբանական անձանց համար` 10 հազար լարի:Վրաստանում նոյեմբերի 4-ից արդեն իսկ գործում են մի շարք սահմանափակումներ: Այդ թվում՝
- Բաց և փակ տարածքներում պարտադիր է դիմակ կրելը,
- Խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացն ընթանում է հեռավար ռեժիմով,
- Ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն մինչև երեկոյան ժամը 22:00-ը: