Լուրեր
«Կրակոցները դադարեցնելու համար վերջում ես էլ երկինք կրակեցի»,- Հենզել Մկոյան (Տեսանյութ)
Մարտի 26-ին Ախալքալաքում, քաղաքի կենտրոնում, Վրաստանի խորհրդարանի անդամ՝ Հենզել Մկոյանի տան և Սակրեբուլոի պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանի սրճարանի մոտ, 5 անգամ հնչել են կրակոցի ձայներ:

Իրավապահ մարմինները դեպքի վայրը փակել էին  մոտ 3 ժամ: 

Կողմերի հարցաքննումը շարունակվել է մինչև առավոտ: 

Ո՞րն էր պատճառը և ո՞վ է կրակել առաջինը - այս մասին ոչ ոք չի խոսում: 

Tv9news.ge -ի հետ հեռախոսազանգի ժամանակ Սամվել Պետրոսյանն ասում է, որ դուրս է եկել նրանից հետո, երբ լսել է կրակոցի ձայնը, իսկ դուրս գալուց հետո պարզել է, որ առճակատումը եղել է իր որդու և Հենզել Մկոյանի միջև: 

«Երևի ժամը երկուսը կլիներ, երբ լսեցի կրակոցի ձայնը, երբ տեսա որդուս ու Հենզել Մկոյանին, ստիպված եղա երկինք կրակել, որպեսզի իրավիճակը հանդարտվեր: Ես սրճարանի մոտ էի կանգնած, տեսախցիկներում ամեն ինչ լավ երևում է: Այդ թվում նաև նրանց կողմից կրակած փամփուշտի հետքը իմ սրաճարանի պատերին: Թե որն է եղել կրակոցի պատճառը՝ չեմ կարող ասել, սակայն երբ խոսեմ տղայիս հետ, պարզ կդառնա»
,- ասում է Սամվել Պետրոսյանը: 

Սամվել Պետրոսյանի նման հարցաքննման է եղել նաև Հենզել Մկոյանը: Վրաստանի խորհրդարանի անդամը լրատվամիջոցների մոտ չի խոսում, սակայն կարծում է, որ Պետրոսյանին դուր չի գալիս Ջավախքում ընթացող աշխատանքները, ուստի տարբեր կերպ փորձում է խանգարել նրան: 

Առճակատման մանրամասների մասին կողմերը խոսել չեն ցանկանում: 

«Կամերաներում լավ է երևում, որ կրակում էին իմ ուղղությամբ, կրակոցները չէին դադարում, վերջում ստիպված եղա երկինք կրակել:  Երևի 4-5 անգամ կրակեցին»,- ասում է Հենզել Մկոյանը: 

Իրադեպի մասին չեն խոսում նաև տեղացիները:

Ջավախքում, ազգային շարժման ղեկավարը կարծում է, որ սա առաջին դպքը չէ, երբ հարձակումն ու կրակոցները մնում են առանց պատասխանի: Ըստ Մելիք Ռաիսյանի.

«Ոստիկաններին և ընդհանրապես Ջավախքը կառավարում են Մկոյանները, այդ իսկ պատճառով այս հարցն էլ այնպես կավարտվի, ինչպես մեր կազմակերպության վրա հարձակումը»,- ասում է նա: 



Ինչ վերաբերվում է Եվրոպական Վրաստանի ներկայացուցչին՝ ասում է, որ նման միջադեպ Ջավախքում տեղի է ունենում հաճախ, սակայն դեռ ոչ ոք չի պատժվել:

«Լսել եմ, որ կրակոց է եղել: Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Հենզելին կամ մեկ այլին կրակել են, այլ այն է, որ օրենքից դուրս, մարդիկ փորձում են սեփական ուժերով լուծել խնդիրները: Քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվում է քաղաքապետարանը, մշակույթի տունը, սրճարաններ, դպրոց և այլն, ցերեկը սկսվում են կրակոցներ և սա արդեն սովորական երևույթ է»,- ասում է Սամվել Կարապետյանը:

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել միանգամից երկու հոդվածով.

Վրաստանի քերական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» ենթակետով, ինչը ենթադրում է բռնություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատճառելով ֆիզիկական ցավ:

Քննության արդյունքում հայտնաբերված մեղավորները կարող են պատժվել տուգանքով, կամ 240 ժամ հանրօգուտ աշխատանք կատարելով, կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ, ինչպես նաև մեղավորները կզրկվեն զենք կրելու իրավունքից:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասը ենթադրում է՝ հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից մինչև 6 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածի չորրորդ մասը ենթադրում է ապօրինի զենքի կրում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից մինչև 7 տարի:

Հենզել Մկոյանի և Սամվել Պետրոսյանի միջև սա առճակատման առաջին դեպքը չէ: Կողմերի միջև տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2019 թվականի աշնանը, երբ կռվի պատճառ էր դարձել առաքելական եկեղեցու մոտ ավտոմեքենայի կայանատեղին:
| Print |