Լուրեր
«Սարսափելի անտերություն է, մեզ ոչինչ չի հասնում»,- Աբուլի բնակիչներ
Աբուլը Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենաբարձրալեռ և ցուրտ կետն է, որի պատճառով այն կոչում են նաևՎրաստանի հյուսիսային մաս: Գյուղը գտնվում է Աբուլի տակ, ծովի մակարդակից 1 960 մ բարձրության և քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Տեղացիները հիմնականում բողոքում են երկու՝ բնական գազի պակասի և վատթար ճանապարհների խնդրի պատճառով:

32-ամյա Մուրազ Նազարեթյանը ծնվել և մեծացել է Աբուլում: Գյուղը շատ է սիրում, բայց ցավում է, որ չնայած տարվող բազմաթիվ աշխատանքների, բնակչությունն այնուամենայնիվ ստիպված է ապրել դժվարին պայմաններում: Աբուլում դժվար է նաև գտնել տաքանալու միջոց: Գյուղում, որտեղ առնվազն 6 ամիս ձմեռ է, բնական գազ չկա, որի պատճառով տեղացիները տաքանում են ավանդական մեթոդներով:

«Մեր ամենամեծ խնդիրը բնական գազ չունենալն է: Բարձրլեռնային գյուղ է և այստեղ միշտ ցուրտ ձմեռ է: Ձյան պատճառով ճանապարհները փակվում են և 6-7 ամիսներ շարունակ կտրվում ենք արտաքին աշխարհից: Միջինը գյուղում լինում է մինուս 20-25 աստիճան, տաքանում ենք քակորով»,- ասում է Աբուլ գյուղի բնակիչ՝ Մուրազ Նազարեթյանը:

Ազգությամբ հայերով բնակեցված Աբուլում ապրում է 124 ընտանիք: Եղանակային պայմանների պատճառով բնակչությունը չի մոռանում հին ավանդական միջոցները: Որպեսզի ձմռանը տաք լինեն, դրա համար ամռանը պետք է աթար չորացնեն: Թանկ գների պատճառով դժվարանում են փայտ գնել: Տեղացիները խնդրի լուծման համար քաղաքապետարանին բազմից են դիմել, սակայն ապարդյուն:

Բացի վերոնշյալ խնդրից, աբուլցիներին հուզում է նաև ճանապարհի և ջրի հարցը: Տեղացիները իշխանությունից պահանջում են ասֆալտապատել ճանապարհն ու ջուրը մատակարարել որակյալ խողովակներով:

«Ճանապարհ չունենք, գազ չունենք, այստեղ գալ բոլորը ալարում են: Տարիներ շարունակ խնդրում ենք ասֆալտապատել ճանապարհը, բայց տեր չունենք: Կարելի է, ինչպես Կարտիկամի դեպքում կատարվեց, այդպես էլ մեր ճանապարհները վերանորոգեն, քաղաքից հեռու ենք և դրա համար մատնում են անուշադրության»,- ասում է Սամվել Նազարեթյանը:



«Մեր պետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները չէ»,- այսպես է պատասխանում Աբուլի բնակչությանը Ախալքալաքի քաղաքապետը: Յուրի Հունանյանը հայտարարում է, որ մունիցիպալիտետում 64 գյուղից 44-ը գազաֆիկացված է: Թե երբ կտեղադրեն գազ մնացած 20 գյուղում, այս մասին հստակ պատասխան չունի: Սակայն նշում է, որ Ախալքալաքի գյուղերին հուզող խնդիրների մասին կենտրոնական կառավարությանն արդեն տեղեկացրել է: ՏԷկոնոմիկական զարգացման ծրագրի համաձայն, գյուղերում գազաֆիկացման և ասֆալտապատման աշխատանքները 2022 թվականին պետք է ավարտվեն:

«Բնական գազի խնդրին լուծում տալը ոչ իմ, ոչ էլ կենտրոնական կառավարության նախապատվությունը չէ: Գազի ընկերությունը մասնավոր է և անձամբ է որոշում, որ գյուղին և ինչպիսի հերթականությամբ տրամադրի գազ»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ՝ Յուրի Հունանյանը:
Ինչ վերաբերվում է վնասված ճանապարհներին, Յուրի Հունանյանը նշում է, որ մունիցիպալիտետի գյուղերի ճանապարհների մոտ 60% վերանորոգման կարիք ունի: Իսկ այդ գյուղերը հիմնականում, գտնվում են քաղաքից հեռավորությամբ:

«Կարևորը ֆինանսներն են: Մեր պետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները չէ: Ինչպես կառավարությունը կֆինանսավորի, այդպես էլ կվարվենք: Տաբերություն չկա սա կլինի ճանապարհի, գազի, թե այլ խնդիր»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ՝ Յուրի Հունանյանը:


Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |