situs toto slot
Պատվաստման «շատ ցածր» ցուցանիշ - Ինչու՞ չեն պատվաստվում ուսանողները
Լուրեր
Պատվաստման «շատ ցածր» ցուցանիշ - Ինչու՞ չեն պատվաստվում ուսանողները
Վալերի Ճրեշավիլին սովորում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում: Նա սիրում է ազատությունը և խուսափում է այն ամենից, ինչը շրջապատում է նրան։ Չի պատրաստվում պատվաստվել: Կարծում է, որ Վրաստանում պատվաստումը կամավոր չէ: Չի հավատում «չփորձարկված» պատվաստանյութերին: Կրթության, հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողը գերադասում է ուսումը շարունակել լսարաններում, բայց եթե լսարանում դասախոսություններին մասնակցելու համար պատվաստում պահանջեն, կնախընտրի սովորել առցանց:

«Եթե համաճարակաբանները կամ համակարգող խորհուրդը հանձնարարություն տան կրթության նախարարությանը, ապա այսօր իսկ հնարավոր է ուսումը շարունակել լսարաններում, քանի որ ներկայիս համաճարակաբանական իրավիճակը չի պահանջում միայն առցանց ուսուցում։ Ուստի, կարծում եմ, արհեստականորեն աժիոտաժ են ստեղծում՝ կախված նրանից, թե ինչ է պետք կամ ինչ են ուզում։ Իհարկե, ավելի լավ է սովորել լսարանում, բայց նրանք, ովքեր ցանկանում են սովորել, կսովորեն թե դահլիճում, թե հեռավար կարգով»:

Վալերիի խոսքով՝ Covid-19 պատվաստանյութով պետք է պատվաստվեն վարակված մարդիկ։ Բացի սրանից, ուսանողը համարում է, որ համաճարակաբաններն իրենք են հաճախ «մեղանչում», երբ սահմանում են կանոնակարգեր, որոնք իրենք էլ խախտում են։ Նա գլխավոր սպառնալիքը երկրում համարում է «Կովիդ-19»-ի պատճառով ստեղծված «խուճապային իրավիճակը», որը վախ է առաջացրել բնակչության շրջանում։

«Պատվաստված ու չպատվաստված անձինք նույն իրավիճակում են: Նրանք և՛ վարակվում են, և՛ վարակիչ են, միակ տարբերությունն այն է, որ այն պաշտպանում է մահացու ելքի հավանականությունից: Սակայն սա ինձ համար բավարար չէ, քանի որ մարդու ազատ կամքը ամբողջությամբ սահմանափակված է, ինչը որոշակիորեն խտրականություն է առաջացնում: Երբ լսում ես, որ պատվաստվածների համար զեղչ է գործում, կամ չպատվաստված մարդկանց չես ընդունում կոնկրետ հաստատություն, ինձ համար անընդունելի է: Հասարակությունը բաժանվել է երկու մասի»:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ուսանողուհի՝ Իզա Իանվարաշվիլին ապրիլին պատվաստվեց «Սինոֆարմ» պատվաստանյութով: Երրորդ կուրսի ուսանողուհին վստահ է, որ այս քայլով նա պաշտպանում է ոչ միայն իր, այլ ուրիշների կյանքը: Ընտանիքի բոլոր անդամներն ի սկզբանե պահպանել են բուժաշխատողների կողմից սահմանված կանոնակարգերը։ Պատվաստման որոշումը կայացրել է առանց վախի և վարանելու։

«Եվրոպայում, որտեղ ապրում են իմ ընկերները, ուսումնական գործընթացը շարունակվում է լսարաններում: Մարդիկ վերադարձել են սովորական ապրելակերպին, իսկ մեզ մոտ, ցավոք, պատվաստման չհաջողված գործընթացի պատճառով դեռևս նույն փուլում ենք»:

Մեկ երեխայի մայրը պատվաստման կարևորությունը բացատրում էր նաև չպատվաստված խմբերին, բայց համոզվեց, որ որոշ ուսանողներ վճռական են չպատվաստվել Covid-19-ի դեմ: Պատճառը հիմնականում վախն է, որը հիմնականում պայմանավորված է անտեղյակությունից։ Իզան կարծում է, որ համայնքի այս հատվածի հետ աշխատելը երկար ժամանակ է պահանջում:

«Կեղծ լուրերի շնորհիվ նրանք զինված են կեղծ փաստարկներով։ Երկար աշխատանքի արդյունքում մենք կարող ենք հասնել այն արդյունքին, որ գոնե մտածեն այդ ուղղությամբ: Հասարակության այս հատվածի վերաբերմունքին աջակցում է նաև բժշկական անձնակազմը։ Կասկածում եմ այն բժշկի իրավասության վրա, ով չի պատվաստվում, աշխանանքները պետք է սկսվեն հենց այստեղից»:

Իզա Իանվարաշվիլին կարծում է, որ չպատվաստված մարդկանց մեծ թվի պատճառով տուժում է պատվաստված համայնքը։ Ոչ ոք չի կարող վերադառնալ կյանքի սովորական ռիթմին։ Իրենց հերթին, չպատվաստված անձինք կարծում են, որ իրենց նկատմամբ բռնության են կիրառում և խտրականության ենթարկում։

«Այսպիսով երկու կողմն էլ տուժում, մի կողմը գիտակցաբար, մյուսը՝ անգիտակցաբար։ Երբ մտերիմները վարակվում են կորոնավիրուսով, միայն այդ դեպքում են զգում պատվաստման անհրաժեշտությունը: Լրատվամիջոցների օգնությամբ եւ «դռնից դուռ» սկզբունքով տեղեկություն պետք է տրամադրվի հասարակության այն հատվածին, որը դեմ է պատվաստմանը, այլապես բոլորս ստիպված ենք լինելու փակ կյանքով ապրել»:


Իզայի նման, «Սինոֆարմի» երկու դեղաչափով պատվաստվել է նաև Նազի Ախալկացին: Նազին համարում է, որ այս քայլով նա օրինակ է ծառայում մնացած ուսանողների համար: Ասում է, որ առցանց ուսուցումը չի տալիս որակյալ կրթություն, այդպիսով խախտելով իր սահմանադրական իրավունքը։ Չորրորդ կուրսի ուսանողուհին բոլորին հորդորում է պատվաստվել:

«Պատվաստումն անհրաժեշտ է, եթե ուզում ենք վերադառնալ հին ապրելակերպին և ուսումը շարունակել լսարաններում։ Իրավաբանության չորրորդ կուրսը հիմնականում ներառում է գործնական ուսուցում, որն անհնար է դառնում հեռավար պայմաններում: Ես պետք է մասնակցեմ դատավարություններին, բայց առցանց դասընթացների եմ միանում,այն էլ կիսով չափ»:

Անկախ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքից, նա կարծում է, որ պատվաստումը չպետք է լինի պարտադիր: Պատվաստման գործընթացի անկման պատճառը համարում է ապատեղեկատվական արշավը. «Ոչ ոք չի խոսել այն մասին, թե ինչ հետեւանքներ կունենանք չպատվաստվելով»:

Ի տարբերություն Վալերիի, Իզայի և Նազիի, Ախալցխացի Վախտանգ Անդղուլաձեն սովորում է Գերմանիայում, «Մաինց»-ի համալսարանում: Հեռավար ուսուցման անցնելուց հետո իրավագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը վերադարձել է Վրաստան։ Կարծում է, որ առցանց ուսուցումն ավելի շատ բացասական, քան դրական կողմեր ունի: «Չենք կարող ուսումնական գործընթացում ներգրավվել այնքան լավ, որքան դա ստացվում է լսարաններում սովորելու ժամանակ: Ուսանողների համար դժվար է նյութը կատարելապես մատուցել առցանց:»

Նա շուտով կորցրեց համաճարկն հաղթահարելու հույսը: Վախտանգ Անդղուլաձեն համաճարակի պատճառով կորցրեց նաև աշխատանքը, ուստի ստիպված էր թողնել Գերմանիան և վերադառնալ հայրենիք: Նրա համար հիմնական խնդիրը քննություններն հանձնել է: Գերմանիայում լեքտորները համարում են, որ «Զումի» միջոցով ուսանողի գիտելիքները լիարժեք ստուգել չեն կարող:

«Պֆայզերի» պատվաստանյութով, ընտանիքի մնացած անդամների հետ, պատվաստվել է օգոստոսին:

«Որպեսզի վերադառնանք սովորական կենսակերպին, անհրաժեշտ է, որ բոլորը պատվաստվեն: Պատվաստումը չպետք է դառնա պարտադիր, քաղաքացիներին պետք է բացատրենք, որ պատվաստումն անհրաժեշտ է, իսկ ընտրությունը պետք է անձամբ կատարեն»:

Յոթ տարի Գերմանիայում ապրելուց հետո առաջին անգամ նա չի կարող խոսել ապագայի մասին և պլանավորել հետագա քայլերը։ Կարծում է, որ համաճարակը փոխել է նաև մարդկային հարաբերությունները։

«Համաճարակն ու չպատվաստվելու հանգամանքը հանգեցրել են նրան, որ աշակերտներն ու ուսանողները շարունակում են ոչ լիարժեք ուսուցումը։ Կան դեպքեր, երբ մարդկանց ստիպում են պատվաստվել: Որոշ սննդի կետեր հրաժարվում են սպասարկել չպատվաստվածներին, կամ նշանակալի զեղչեր են սահմանում պատվաստված անձանց համար: Այս ամենի պատճառով մարդիկ խտրականության են ենթարկվում տարբեր պատճառներով, իսկ նման փաստերն ինձ համար բացարձակ անհեթեթ են, քանի որ չի կարելի մարդկանց բաժանել պատվաստվածների և ոչ պատվաստվածների խմբերի»:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը ուսումը վերսկսել է խառը ձևաչափով, սակայն վերջին շրջանում վարակվածների թվի աճի պատճառով համալսարանն ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման։ Այս որոշման նպատակն է հաշվի առնել ուսանողների կարիքները, ստեղծել անվտանգ պայմաններ նրանց համար և ապահովել որակյալ կրթության հասանելիություն։ Մակա Բերիձեի խոսքով՝ ուսանողների չպատվաստվելու երեք հիմնական պատճառ կա՝ ընտանեկան որոշումը, կրոնական մոտիվացիան և վախը։ Ինչ վերաբերում է դասախոսներին, ապա, ըստ ռեկտորի, «գիտական անձնակազմի 90 տոկոսը պատվաստվել է եւ բացարձակապես պատրաստ է վերադառնալ դասալսարան»:

«Մեր համալսարանի տարբեր աստիճաններում սովորում է մոտ 1800 ուսանող: Ցավոք, պատվաստված ուսանողների քանակը շատ քիչ է, 5%-ն անգամ պատվաստված չէ: Չնայած մի բան մնում է անփոփոխ, պատվաստումը կամավոր է։ Հիմնական խնդիրը ուսանողներին ինչ-որ կերպ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելն է։ Մենք պատրաստ ենք պատվաստման կետեր հիմնել նաեւ համալսարանում։ Հաշվի առնելով անվտանգության միջոցները՝ուսումնական գործընթացը կշարունակվի առցանց»,- ասում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր՝ Մակա Բերիձեն:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում մեծահասակների միայն մեկ երրորդն է պատվաստվել: Առողջապահության փոխնախարարը գտնում է, որ ուսանողների շրջանում պատվաստումների մակարդակը «շատ ցածր է». Թամար Գաբունիան ուսանողներին և ուսուցիչներին կոչ է անում պատվաստվել:

«Բացի դպրոցական միջավայրից, շատ կարեւոր է ուսումը վերսկսել համալսարանական միջավայրում։ Ուսանողների պատվաստումների մակարդակը շատ ցածր է: Ուստի անհրաժեշտ է, որ աշակերտները ուսուցիչների հետ միասին ակտիվ լինեն և ժամանակին պատվաստվեն»,- հայտարարում է Թամար Գաբունիան։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքով՝ ուսանողների ու դասախոսների կորոնավիրուսի դեմ պատվաստումը հարկադրական չի լինի:
| Print |