«Պատվաստվում ենք միմյանց համար»,- պատվաստման քարոզարշավը Սամցխե-Ջավախքում
Սամցխե-Ջավախքում սկսվել է «Պատվաստվում ենք միմյանց համար» խորագրով համընդհանուր պատվաստման քարոզարշավը։
Նախաձեռնության շրջանակներում, երկու օր շարունակ բնակչության հետ հանդիպումներ կանցկացվեն Նինոծմինդայի և Ախալքալաքի գյուղերում: Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչները տեղի բնակիչների հետ զրուցում են պատվաստումների կարևորության և անհրաժեշտության, պատվաստանյութերի անվտանգության և Covid 19-ից բխող վտանգների մասին։ Առաջին հանդիպումը կայացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում:
Հիմնական թիրախը ռիսկային խմբում գտնվող 60 տարեկանից բարձր անձինք են: Հանդիպումների վերջում պատվաստումով հետաքրքրված անձանց տեղում պատվաստվելու հնարավորություն է տրվում` լիարժեք կահավորված շրջիկ ամբուլատորիաների և համապատասխան բրիգադների օգնությամբ, որն ապահովվել է Վրաստանի բժշկական հոլդինգը: «Եկեք պատվաստվենք միմյանց համար» քարոզարշավն իրականացվում է Համաշխարհային բանկի Covid-19-ի դեմ արագ արձագանքի նախագծի աջակցությամբ:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ պատվաստումների մակարդակը շատ ցածր է Սամցխե-Ջավախքում։ Օրական միջինը 100 մարդ է պատվաստվում, ընդհանուր առմամբ՝ կատարվել է 40000 պատվաստում, ինչը, ըստ առողջապահության մասնագետների, շատ քիչ է 160 հազար մարդ բնակվող տարածաշրջանի համար։
Բացի Ջիգրաշեն գյուղից, տեղեկատվական հանդիպումներ կանցկացվեն Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի՝ Մեծ Գոնդուրա, Հեշտիա, Գորելովկա, Խանչալի, Օկամի, Գոգաշեն, Արագվա, Տուրցխ և Բարալեթի գյուղերում։