Լուրեր
Առնվազն 6 զոհ, վիրավորներ, անհետ կորածներ՝ պայթյունի հետևանքները Երևանում
«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից փրկարարները քիչ առաջ դուրս բերեցին եւս մեկ դի։ Այս պահին զոհերի ընդհանուր թիվը 6-ն է, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Անհետ կորած քաղաքացիների թիվը 16-ն է։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` երկու հոդվածի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ` ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ` կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
| Print |