Լուրեր
Փաշինյան-Ալիև բրյուսելյան չորրորդ հանդիպումը կայացավ
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չորրորդ հանդիպումը։

Բանակցությունները տևել են մոտ չորս ժամ։ Դրանց ավարտից հետո մասնակիցները շատ արագ հեռացել են։ Ե՛վ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը հրաժարվել են լրագրողների հետ զրուցել հանդիպման արդյունքների մասին։

Այդուհանդերձ, բանակցությունների միջնորդ Շառլ Միշելը արդյունքների մասին հայտարարություն է ներկայացրել լրատվամիջոցներին՝ հակիրճ անդրադառնալով բարձրացված բոլոր թեմաներին։

Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերին։

Հանդիպման ավարտից հետո վարչապետի աշխատակազմը տարածեց հետևյալ հաղորդագրությունը.

«Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»։


Մինչ վարչապետի Բրյուսել մեկնելը հայկական կողմը մանրամասներ չէր հայտնում բանակցությունների օրակարգի մասին։ Մասնավորապես, ոչ հաստատում, ոչ էլ հերքում էին Բաքվից ստացվող տեղեկությունները։ Խոսքը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարության մասին է, ըստ որի՝ հանդիպմանը քննարկվելու էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստող աշխատանքային խմբի ձևավորման հարցը։
| Print |