Եղիսաբեթ II-ին կհուղարկավորեն սեպտեմբերի 19-ին
Եղիսաբեթ II-ին կհուղարկավորեն սեպտեմբերի 19-ին։ Մեծ Բրիտանիայում թագուհու հուղարկավորության օրը հանգստյան օր են հայտարարել հանգուցյալ միապետի պատվին։
Էղիզաբեթի հուղարկավորությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում։ Պատմական եկեղեցին այն վայրն է, որտեղ թագադրվում են բրիտանացի թագավորներն ու թագուհիները, և որտեղ Եղիսաբեթ II թագուհին ամուսնացել է արքայազն Ֆիլիպի հետ 1947 թվականին:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թագուհու կյանքը հիշելու համար թագավորական ընտանիքի անդամների հետ կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ։ Հեռուստատեսային արարողությանը ներկա կլինեն նաև Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան քաղաքական գործիչներ և նախկին վարչապետներ: Ակնկալվում է, որ պատարագը կվարի Վեսթմինսթերի դեկան Դեյվիդ Հոյլը, իսկ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին քարոզը կկատարի:
Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից մի քանի օր առաջ թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ թագուհի Կամիլան, կմեկնեն Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա և Ուելս։