Լուրեր
82 տարեկանում մահացել է Պելեն
Սան Պաոլո քաղաքի հիվանդանոցում 82 տարեկանում քաղցկեղից մահացել է համաշխարհային ֆուտբոլի պատմության ընթացքում լավագույն ռմբարկու, 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Էդսոն Արանտես Դու Նասիմենտուն՝ Պելեն: Նրա մահվան լուրը հայտնել է դուստրը՝ Կելի Նասիմենտուն:

Պելեն ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1366 անգամ է դուրս եկել դաշտ, ներառյալ պաշտոնական և ընկերական խաղերն, ինչպես նաև զինծառայության ընթացքում անցկացրած հանդիպումները:

Այդ խաղերում նա խփել է 1281 գոլ: Իսկ միայն պաշտոնական 812 խաղերում նա 757 գոլ է խփել: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 113 խաղում 95 գոլ է խփել:

Նա խաղացել է «Սանտոս» բրազիլական ակումբում, Նյու Յորքի «Կոսմոսում» և Բրազիլիայի հավաքականում, որի կազմում երեք անգամ՝ 1958, 1962 և 1970 թվականներին վաստակել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը: Նա միակ ֆուտբոլիստն է, ով այդպիսի նվաճում է գրանցել:

Բրազիլիայի հավաքականի գերաստղ Էդսոն Արանտես Դու Նասիմենտուի (Պելե) առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր մեկ շաբաթ առաջ: Քաղցկեղով հիվանդ 82-ամյա Պելեն այս տարվա նոյեմբերի 29-ից գտնվում էր Սան Պաոլո քաղաքի հիվանդանոցում: Բժիշկները նրա մոտ անցյալ տարվա սեպտեմբերին հաստ աղիքի քաղցկեղ էին հայտնաբերել և վիրահատել։

Պելեն հետագայում նաև քիմիաթերապիայի և ճառագայթման թերապիայի բուժում էր ստացել, սակայն, ըստ բժիշկների, «չարորակ ուռուցքը նորից արթնացել և թափանցել էր լյարդ և թոքեր»:

Քաթարում վերջերս ավարտված ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընթացքում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց հաղթանակները և գոլերը նվիրեցին լեգենդար հայրենակցին: Ինչպես նաև առաջնության օրերին Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները և այլ երկրներ ընտրանիների անվանի մարզիկներ ջերմ ուղերձներով դիմեցին վատառողջ Պելեին:

Նրան անվանել են «Ֆուտբոլի արքա»: Այսօր աշխարհահռչակ մարզիկներն ու տասնյակ պետությունների ղեկավարներ ցավակցություն են հայտնում Պելեի ազգականներին և Բրազիլիայի ժողովրդին:
| Print |