Լուրեր
Բաքուն հայտարարում է Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարել է՝ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Այսօր ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունը խոստանում է պարբերաբար հանդես գալ լրացուցիչ հաղորդագություններով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե «միջոցառման շրջանակներում բարձր ճշգրտության զենքով առաջնագծում և խորքում շարքից դուրս են բերվում Հայաստանի զինված ուժերի կազմավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև ռազմական միջոցներն ու օբյեկտները»:

Բաքուն վստահեցնում է, թե Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։

«Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության, շինարարական վերականգնողական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, տարածաշրջանում սկսվել են տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունում։

Բաքուն նշում է, որ ադրբեջանական կողմը իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է Բաքվի պնդումները:

 

| Print |