Լուրեր
Ե՞րբ կունենա Ախալցիխեն 24-ժամյա ջրամատակարարում
«Վրաստանի ջրամատակարարման ընկերությունը» տարիներ առաջ հայտարարեց Ախալցիխեի խմելու ջրի համակարգի վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին։ Դեռ 2020 թվականին գործակալությունը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նախագիծն արդեն պատրաստ է, և շինարարական աշխատանքների մրցույթ է հայտարարվել։ Այդ ժամանակվանից ի վեր ընկերությունը ախալցխացիներին խոստանում է 24-ժամյա ջրամատակարարում։ Գործակալությունից «9-րդ ալիք»-ի ստացած նամակում գրված է, որ ներկայումս ընթացքի մեջ է երկու նախագիծ, որոնց վրա կծախսվի ավելի քան 50 մլն լարի։

«Աշխատանքներն ակտիվ փուլում են, և պայմանագրով դրա ավարտը նախատեսված է 2024 թվականի մարտի 29-ին։ Աշխատանքների ավարտից հետո Ախալցիխեն և Մինաձե, Չաչարակի, Իվլիտա և Աբի գյուղերը կշահեն 24- ժամյա ջրամատակարարում: Շինարարական աշխատանքներն իրականացվում են և ավարտին կհասցվեն այնպես, որ մինչև 2025 թվականի վերջ Ախալցիխեն կունենա 24-ժամյա ջրամատակարարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ախալցիխեի մինչև 33 հազար բնակիչ դեռ 24-ժամյա խմելու ջրին է սպասում։ Բնակիչներն ասում են, որ այլևս չեն հավատում խոստումներին, և կառավարության խոստումը կատարված կհամարեն միայն այն ժամանակ, երբ մաքուր ջուրն անսահման հոսի։

| Print |