Քաղաքականություն
Եվրախորհրդարանը պատժամիջոցներ կկիրառի Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ
Եվրախորհրդարանը որոշ վերապահումներով աջակցել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների սահմանմանը։

Մասնավորապես, Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի հեղինակած բանաձեւի հինգերորդ ուղղման մեջ նշվում է, որ պետք է պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի և բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են ժողովրդավարական գործընթացների վատթարացման համար, այն դեպքում, եթե ապացուցվի, որ Վրաստանն օգնում է Ռուսաստանին խուսափել միջազգային պատժամիջոցներից:

«[Եվրախորհրդարանը] անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ Ռուսաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները, իբր, օգտագործում են Վրաստանը՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները: Կոչ է անում ԵՄ կառույցներին հետագայում հետաքննել այդ մեղադրանքները, ներառյալ Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության զեկույցի ուսումնասիրությունը, որտեղ խոսվում է Ռուսաստանի հետ Բիձինա Իվանիշվիլիի կապերի մասին։ Եթե ​​այս մեղադրանքները հաստատվեն, ապա կպահանջվի անձնական պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա մերձավոր ընկերությունների դեմ: Այդ առումով, ողջունվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի ընդունումը, որը ներառում է նոր չափանիշների ցանկ, որոնք թույլ կտան ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր նպաստում են պատժամիջոցների շրջանցմանը», - նշված է Եվրախորհրդարանի զեկույցում:

Այս փոփոխությանն այսօրվա նիստում պաշտպանել է 275 պատգամավոր։ Դրան դեմ են արտահայտվել 212 պատգամավորներ։ 132-ը ձեռնպահ են մնացել։
| Print |