Պայթյուն նախապատրաստելու համար մեղադրանք է առաջադրվել ինը անձի
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ինը անձի՝ խմբակային բռնություն կազմակերպելու և ուղղորդելու, ինչպես նաև խմբակային բռնություններին մասնակցելու և պայթյուն նախապատրաստելու համար։ Տեղեկությունը տարածում է քննչական գործակալությունը։
«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ամբաստանյալները կազմակերպել և մասնակցել են խմբակային բռնությունների, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկանց առողջությանը վնաս են հասցրել։ Վնասվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց գույքը, վնասվել են Թբիլիսիի քաղաքապետարանի հաշվեկշռի ենթակառուցվածքները։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ և 18,229-րդ հոդվածներով, որը նախատեսում են մինչև ինը տարվա ազատազրկում:
Դատախազությունը դիմում է դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Քրեական գործի հետաքննությունը ՆԳՆ-ում շարունակվում է»,- նշված է Վրաստանի դատախազության տեղեկատվության մեջ։