Հասարակություն
«Ով ուզում է ապրել, նա կպատվաստվի»,- 94-ամյա բուժքրոջ դարավոր փորձը
Կնճռոտված ձեռքերը, գունատ մաշկի տակից երևացող կապույտ երակները, ուսերի վրա թափված սպիտակ մազերը – 94-ամյա Փեդոս Նամգլաձեն ամիսներ շարունակ անկողնուց բարձրանալ չի կարող: Հոդացավերը նրան տեղաշարժվելու հնարավորություն այլևս չեն տալիս: Մանկուց երազում էր սպիտակ խալաթի մասին: 25 տարեկան հասակում հագնվեց բժշկուհու հագուստն ու 20 տարուց ավելի, Ադիգենի Բոլաջուրի գյուղում աշխատում էր բուժքրոջ կարգավիճակում: Մինչ դեռ կարող էր քայլել, համագյուղացիների «շտապ օգնությունն էր»:

Փեդոսի գրեթե դարավոր հիշողությունը պահպանում է շատ լավ ու վատ հուշեր: Հիշում է, թե տարբեր ժամանակաշրջաններում ինչպես էին պայքարում տարածված վիրուսների և համաճարակների դեմ: Նա պատմում է, որ անգամ այն ժամանակ, անտեսանելի թշնամու դեմ պայքարելու միակ միջոցը պատվաստումն էր: Երիտասարդ էր և պատվաստումներ անցկացնելու համար թաղամասից թաղամաս քայլել չէր դժվարանում:

«Ով ուզում է ապրել, նա կպատվաստվի, միայն ասպիսով չի տարածվի վիրուսը: Մարդկանց մեկ մի վիրուսի, մեկ մյուսի դեմ էինք պատվաստում: Անհրաժեշտ էր պատվաստումը: Այն բուժքույրը, որը թաղամասը բաց կթողներ, կլքեր աշխատանքը: Նախքան պատվաստելը, որոշ հետազոտություններ էինք անցկացնում, չեմ հիշում նման դեպք, որ պատվաստվելուց մարդ մահանար կամ բարդություններ առաջանային»:

Փեդոս Նամգլաձեն հիշում է, որ պատվաստանյութի հանդեպ վախը ժողովրդի մոտ զգացվել է նաև նախկինում: Նման մարդկանց հետ աշխատելու համար, սովորաբար շատ ավելի ջանքեր էին անհրաժեշտ: Նա փորձում էր բոլորին բացատրել, որ այլ կերպ համաճարակին հաղթահարելն անհնար էր: Հիմա էլ, բոլոր այցելուներին պատմում է, թե ինչպես էին բոլոր համագյուղացիները բարդ համաճարակային օրերին ապաքինվում պատվաստվելուց հետո: Չի զարմանում, երբ համագյուղացիները զրուցում են իրենց վախի և պատվաստանյութերի հանդեպ թերահավատության մասին: Նրանց հորդորելու համար ասում է, որ անպատճառ կպատվաստվի:

Մեկ դարավոր կյանք տեսած մորաքրոջ հետ չի համաձայնվում 40-ամյա Յուրի Տաբիձեն: Նա չի վստահում կարճ ժամանակում ստեղծված պատվաստանյութերին և այն անվանում է խայծ: Բազմաթիվ հարցեր ունի նաև պատվաստանյութի կազմի վերաբերյալ: Նա ցույց է տալիս պատվաստանյութի թողած հետքերը իր աջ ձեռքին և բացատրում է, որ մինչ այժմ արված բոլոր պատվաստումները միայն մոր որոշումն էին:

«Բոլոր պատվաստանյութերը պատրաստվեցին մեկ տարում: Որտեղից տեղեկություն, որ դա լավ է օրգանիզմի համար, ում կամ ինչի վրա է փորձարկվել: Իհարկե, խուճապի ենք մատնվում, քանի որ մարդ է մահացել: Այն բուժքրոջն օգնել չկարողացան, մեզ ինչպես են օգնելու, ո՞վ կտա ապրելու երաշխիք: Եթե բոլոր հետազոտություններն անցկացնեն, հաստատ իմանամ, որ պատրաստ եմ պատվաստվելուն, այդ դեպքում հնարավոր է համաձայնվեմ: Եթե անգամ պարտադիր լինի, չեմ պատվաստվելու, ով աշխատում է, հնարավոր է սպառնան նրանց, բայց ոչ ինձ»,- ասում է Յուրի Տաբիձեն:
Սամցխե-Ջավախքում հասարակության անվստահությունը կորոնավիրուսի պատվաստանյութի նկատմամբ աճել է նրանից հետո, երբ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում 28-ամյա բուժքույրը պատվաստվելուց շուրջ կես ժամ անց անաֆիլակտիկ ցնցում է ունեցել, ընկել է կոմայի մեջ և մահացել: Միջադեպից հետո, մոտ մեկուկես ամիս Ախալցիխեում պատվաստման գործընթացը դադարեցվել էր:

Կորոնավիրուսն առանց ախտանշանների ու բարդությունների հաղթահարել է 62- ամյա Միխեիլ Քիմաձեն: Թեստ չի հանձնել, բայց բարձր ջերմությունը, հազը և շնչառական անբավարարությունը հաղթահարել է տան պայմաններում: Չնայած սրան, վախեցած և շփոթված է: Միակ լուծումը համարում է պատվաստումը, բայց Մեգի Բաքրաձեի մահվան փաստը նրան նույնպես վախեցնում է:

«Ոմանք ասում են, որ չինական պայտավստանյութը լավն է, ինչպես վստահեմ: Եթե ստուգեն և բարդություններ չհետևի, այդ դեպքում կգրանցվեմ պատվաստվելու համար: Առանց հետազոտությունների, ոչ մի կերպ չեմ պատվաստվի: Ես շատ եմ վախենում»:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում վերսկսվեց միայն ապրիլի 27-ին: Այդ օրը «Astrazeneka» պատվաստանյութով պատվաստվել է 13 մարդ: Ապրիլի 30-ի դրությամբ տարածաշրջանում պատվաստվել է 39 մարդ:

Փեդոս Նամգլաձեն անձամբ կլինիկա գնալ չի կարող, բայց ցանկանում է, որ այցելեն և տանը պատվաստեն: Ապրած մեկ դարը հաստատում է, որ սա միակ հնարավորությունն է, որպեսզի համաճարակից վերադառնանք բնականոն կյանքի: Հիմա, երբ անձամբ հարևաններին օգնել չի կարող, փորձում է նրանց համար ծառայել վառ օրինակ:

| Print |