ՀՀ–ում վրացական համարանիշների զանգվածային գողություն չի եղել. ՆԳՆ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքում է վրացական համարանիշների զանգվածային գողության մասին տեղեկությունները։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք՝ Կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են կամ որոնց պետհամարանիշները գողացել են, խնդրում ենք դիմել ոստիկանություն», – «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում մի խումբ օգտատերեր ահազանգել էին, որ Երևանի տարբեր հատվածներում գողացվել են Վրաստանից ժամանած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը։