Երկու օրում Սիրիայում 973 խաղաղ բնակիչ է զոհվել
Բախումները շարունակվում են Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ Ասադին աջակցող շրջաններում։
Ականատեսները լրատվամիջոցներին հայտնում են ալավիների դեմ հետապնդումների, այդ թվում՝ իրենց տներում ընտանիքների սպանության մասին:
Ալավիական աղանդը շիա իսլամի ճյուղն է և կազմում է Սիրիայի բնակչության մոտ 10%-ը: Այս աղանդին է պատկանում Բաշար ալ-Ասադը։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ ուրբաթ և շաբաթ օրերին զոհվել է 973 խաղաղ բնակիչ։
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Ասադի կողմնակիցները, ովքեր հրաժարվել են հանձնել իրենց զենքերը, դարանակալել են անվտանգության ուժերին ծովափնյա Լաթաքիա և Ջաբլե քաղաքների շրջակայքում՝ սպանելով տասնյակ մարդկանց:
Ասադի բանակի բրիգադի նախկին գեներալը նոր ապստամբություն է հայտարարել ներկայիս կառավարության դեմ՝ ասելով, որ ստեղծում է «Սիրիայի ազատագրման ռազմական խորհուրդ»: Տեղեկություններ կան նաև, որ Ասադի ռեժիմի անվտանգության նախկին աշխատակիցները, ովքեր հրաժարվել են հանձնել իրենց զենքերը, լեռներում դիմադրության խումբ են կազմում:
Դամասկոսում զոհվածներին հարգելու և բռնությունը դատապարտելու համար ցույցեր են անցկացվել։
Ըստ տեղեկությունների՝ վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել Սիրիայում նոր կառավարության ուժերի և Ասադի ալավիական աղանդի գրոհայինների միջև շարունակվող զինված հակամարտության հետևանքով։ Սպանվածների թվում են Սիրիայի կառավարական անվտանգության ուժերի անդամներ և Ասադին հավատարիմ զինյալներ: Նաև ալավի կանայք և երեխաներ: