Ինչու է նվազում ցանքատարածությունների մակերեսը Վրաստանում
Աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները վեց տարվա նվազագույն մակարդակին են հասել։ Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալներով, 2025 թվականին ցորենի և գարու ցանքատարածությունների մակերեսը կկազմի 58,7 հազար հեկտար։
«Հացահատիկ արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Նիկոլոզ Բենիաիձեն նշում է, որ ցանքատարածությունների նվազեցումը հնարավոր է պայմանավորված լինի վերջին երկու տարիների ընթացքում ցորենի գների անկմամբ, ինչը ֆինանսական խնդիրներ է առաջացրել ֆերմերների համար։
«2023 թվականին ցանքատարածությունները կրճատվեցին, քանի որ բերքը չկարողացան վաճառել, և ֆերմերները ստիպված էին այն իրացնել կես գնով։ Հետևաբար, 2024 թվականին ավելի քիչ հացահատիկ ցանվեց։ Մեկ այլ գործոն է այն, որ նույն ժամանակահատվածում Լագոդեխիում անցան եգիպտացորենի ցանքերին, քանի որ այն ավելի շահավետ է ոռոգվող տարածքներում։
2024 թվականի աշնանը ավելի մեծ մակերես պետք է ցանվի ցորենի և գարու համար։ Սակայն չի բացառվում, որ վերջին երկու տարիների ցածր գները ազդեցություն են ունեցել ցանքատարածությունների վրա։ Ցածր գները մեծ խնդիրներ են առաջացրել ոլորտում աշխատողների համար․ նրանց համար դժվար էր վարկերը վճարելը, ոմանք վաճառեցին հողերը, ոմանք ժամանակավորապես դադարեցրին ցորենի արտադրությունը։ Ամբողջ տարի աշխատեցին, իսկ հետո 2023 թվականին ստիպված եղան վաճառել 40 թեթրիով (գրեթե 0.15 դոլար) մեկ կիլոգրամը։ Այդ ժամանակ մշակման ենթակա տարածքները մեծ էին», - նշում է Բենիաիձեն։
Ի տարբերություն նախորդ տարիների, Բենիաիձեի խոսքով, այս տարի ցորենի գինը աճել է։ Ներկայումս մեկ կիլոգրամի գինը տատանվում է 75-80 թեթրիի սահմաններում։