Մինչև 30 տարեկան որոշ ուսանողներ կարող են ազատվել եկամտահարկից
«Մինչև 30 տարեկան որոշ ուսանողներ կարող են ազատվել եկամտահարկից»: Այս մասին նշվում է Իրավապաշտպանության միջազգային կենտրոնի (ICFRP) կողմից պատրաստված օրենսդրական առաջարկում, որը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը կքննարկի այսօր։
Մասնավորապես, առաջարկի համաձայն, ակտիվ ուսանողական կարգավիճակ ունեցող ուսանողները, որոնք չեն գերազանցում 30 տարեկանը և որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 6000 լարին, չեն հարկվի եկամտահարկով։
Ինչպես նշվում է օրենսդրական առաջարկում, փոփոխության նպատակն է մի կողմից ստեղծել բարենպաստ ֆինանսական միջավայր աշխատող ուսանողների համար, մյուս կողմից՝ լրացուցիչ խթանել չաշխատող ուսանողներին, ինչը կնվազեցնի նաև երկրից ուսանողների արտահոսքը։
«Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ ֆինանսական խնդիրների պատճառով ուսանողական կարգավիճակը կասեցված է զգալի քանակությամբ ուսանողների համար: Խնդիրների հաղթահարման նպատակով ուսանողները փորձում են իրենց աշխատանքի շնորհիվ հասանելի դարձնել կրթության իրավունքը, սակայն փորձի և բարձրագույն կրթության ավարտը հավաստող փաստաթղթի բացակայության պատճառով նրանց աշխատանքային վարձատրությունը բավականին ցածր է։
Հետևաբար, եթե ուսանողի եկամուտը չհարկվի եկամտահարկով, նրա տարեկան հասանելի եկամուտը կավելանա մինչև 6000 լարիով, ինչը թույլ կտա նրանց վճարել ուսման ծախսերը և նվազագույն անհրաժեշտ այլ ծախսեր։ Սա զգալիորեն կնվազեցնի ուսանողական կարգավիճակը կասեցված ուսանողների քանակը և թույլ կտա նրանց հավասար հնարավորություններով օգտվել կրթության իրավունքից», – նշված է օրենսդրական առաջարկում։
Նշվում է նաև, որ օրենսդրական առաջարկի ընդունման դեպքում արտոնություններից կօգտվեն ինչպես ակտիվ կարգավիճակ ունեցող ուսանողները, այնպես էլ նրանք, ում ուսանողական կարգավիճակը կասեցված է ֆինանսական խնդիրների պատճառով։