Լեռնային Ղարաբաղում իրադրության նոր սրում կա. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստն այսօր բավական կարճ է տևել: Վարչապետի առաջարկությամբ բոլորը հարցերը քննարկվել են չզեկուցվող ընթացակարգով: Նիկոլ Փաշինյանը միայն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին ու ադրբեջանական դիվերսիային: Նա հայտարարել է, թե երեք ամիս Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում Լեռնային Ղարաբաղում իրադրության նոր սրում կա:
Վարչապետն ընդգծել է, որ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով երեք զոհվածներն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում: Ըստ նրա՝ այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին. Ալիևը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների ու անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումները իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետ: