Վրաստանի բանկերը դադարել են սպասարկել «Յունիստրիմ» դրամական փոխանցումները
Վրաստանի խոշոր բանկերը դադարել են դրամական միջոցներ ընդունել ու ուղարկել ռուսաստանյան «Յունիստրիմ» վճարային համակարգով, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։
Ինչպես հայտնել են TBC-ում, «Լիբերթիում», «Վրաստանի բանկում», «Կրեդո բանկում» և «Բիզնեսբանկում», «Յունիստրիմ» համակարգը հուլիսի 21-ից դադարեցրել է աշխատանքը։
Վճարման համակարգի ծառայության խափանման մասին են հայտնել նաև «Ռիկո Կրեդիտ» միկրոֆինանսական կազմակերպությունից, որը բազմաթիվ մասնաճյուղեր ունի Վրաստանում և հայտնի է օտարերկրացիների շրջանում դրամական փոխանցումներ ստանալու գործում։
Ցուցակում են հայտնվել «Տինկոֆը», Լոկո-բանկը, Պետերբուրգի սոցիալ առևտրական բանկը, «Սոլիդարնոստը» և «Յունիստրիմը»։
Նշենք, որ այս տարվա հունվար-հունիսին Վրաստանում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների վճարային համակարգի միջոցով ստացվել է ավելի քան 762 մլն ԱՄՆ դոլար, ամբողջ անցած տարվա կտրվածքով՝ ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Տեղեկությունը հրապարակված է Վրաստանի Ազգային բանկի կայքում։
2022 թվականին «Յունիստրիմ»-ին բաժին է ընկել Վրաստան կատարված բոլոր դրամական փոխանցումների մոտ 23%-ը, այս տարվա առաջին կիսամյակում այն դարձել է առաջատար փոխանցումների գծով՝ 32% մասնաբաժնով։
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ դեպի երկիր փոխանցումների համար հանրաճանաչություն են վայելում նաև «Զոլոտայա Կորոնա» (ավելի քան $1,6 մլրդ 2022-2023 թվականներին) և Ria (915 մլն դոլար) համակարգերը։
2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունիսը Վրաստանի ստացած 6,7 միլիարդ դոլարի մոտ 47 տոկոսը (3,192 միլիարդ դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին: