Ուկրաինան և Մոլդովան սկսել են բանակցությունները Եվրամիությանը միանալու համար, որին Վրաստանը չի կարող միանալ
Մոլդովան և Ուկրաինան արդեն սկսել են պաշտոնական բանակցությունները Եվրոպական միությանը միանալու համար։ Լյուքսեմբուրգում ընթանում է միջկառավարական կոնֆերանսը, որը պետք է որոշի այդ երկրների հետ բանակցությունների օրակարգը։
Ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, Վրաստանը, որն նույնպես ունի ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ, չի կարողացել միանալ բանակցությունների սեղանին: Արտաքին հարաբերությունների մասնագետները կարծում են, որ պատճառը այնպիսի օրենքների ընդունումն է երկրում, որոնք հակասում են եվրոպական արժեքներին։ Քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասում է, կառավարությունը Եվրոհանձնաժողովի կողմից նշված ռեֆորմները արագորեն իրականացելու փոխարեն, «ռուսական օրենքի» ընդունմամբ հետ է մղել երկիրը։
«Մենք շատ արագ պետք է իրականացնեինք այն ռեֆորմները, որոնք նկարագրված էին ինը քայլերում և դա Եվրոհանձնաժողովն արդեն ներկայացրել էր իր զեկույցում, սակայն դրա փոխարեն, մենք ռուսական օրենքի ընդունմամբ լրացուցիչ մեկ մեծ քայլով հետ գնացինք։ Սակայն եվրոպական արժեքներին միայն դա չի հակասում, մինչ այդ էլ եղել են բազմաթիվ դեպքեր։ Ազատ արտահայտման իրավունքի սահմանափակում, ուժի չարաշահում, դատարանի գործունեություն - այս ամենով պարզ դարձավ, որ երկրում ժողովրդավարություն չկա և ամբողջ իշխանությունը մեկ խմբի ձեռքում է», - ասում է Ռոնդելի հիմնադրամի հետազոտող և քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին։
Չնայած մարդկանց, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց այսպես կոչված «Ռուսական օրենքը»։
Օրենքի համաձայն՝ այն լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն»: Հակառակ դեպքում, նրանք կենթարկվեն տուգանքների։
Այս օրենքի ընդունումը բուռն արձագանք է առաջացրել արևմտյան գործընկերների շրջանում։ Օրենքի ընդունման պատճառով ԱՄՆ-ն արդեն սահմանել է պատժամիջոցներ պետական պաշտոնյաների նկատմամբ։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, որի համաձայն, եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Եվրոպան նույնպես կարող է պատժամիջոցներ կիրառել՝ դադարեցնելով ֆինանսական օգնությունը և ծայրահեղ դեպքում՝ ժամանակավորապես կասեցնելով առանց վիզայի ռեժիմը։ Փաստաթուղթը նախատեսում է ինչպես կարճաժամկետ միջոցառումներ, այնպես էլ երկարաժամկետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել, եթե Վրաստանում իրավիճակը ապագայում չբարելավվի։