Ուկրաինան դատապարտում է պատերազմի հետևանքների պատկերների օգտագործումը քաղաքական գովազդում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է և անթույլատրելի է համարում քաղաքական գովազդում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքների պատկերների օգտագործումը: Այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ուկրաինական կողմը կոչ է անում «Վրացական երազանքին» և բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ պատերազմի թեմայի օգտագործումից Վրաստանի ներքին քաղաքական պայքարում:
«Վրաց ժողովրդին պատերազմից վախենալու կարիք չկա, քանի դեռ Ուկրաինան դիմադրում է ռուսական ագրեսիային: Այդ դիմադրության սարսափելի գինը նաև Վրաստանում խաղաղության գինն է: Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ պատերազմի թեմայի օգտագործումից Վրաստանի ներքին քաղաքական պայքարում: Ուկրաինան հետևողականորեն, ամուր և հաստատուն կերպով շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և նրա տարածքային ամբողջականությանը՝ միջազգային ճանաչված սահմանների շրջանակներում: Հուսով ենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցնեն խաղաղ և ժողովրդավարական պայմաններում, և վրաց ժողովուրդը կշարունակի իր ռազմավարական ուղին դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ», - ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
Այսօր առավոտյան փողոցներում հայտնվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախընտրական պաստառներ, որոնց վրա գրված է «Ո՛չ պատերազմին! Ընտրի՛ր խաղաղություն»: Պաստառները բաժանված են երկու մասի: Պաստառի մի կողմում պատկերված են Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ավերված քաղաքներ, շենքեր և ենթակառուցվածքներ, իսկ մյուս կողմում՝ Վրաստանի քաղաքները: Ուկրաինայի ավերված քաղաքները ներկայացված են սև-սպիտակ լուսանկարներով, իսկ Վրաստանը՝ գունավոր:
Այս հարցին սոցիալական ցանցերում արձագանքել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Այդպիսի ամոթալի, մեր մշակույթին, ավանդույթներին, պատմությանն ու հավատքին վիրավորական բան չեմ տեսել… Ի՞նչ վիճակում պետք է լինեք, ի՞նչ խղճուկներ, որ ԿԳԲ-ի «դարբնոցում» պատրաստված պաստառը ձեր ժողովրդին անամոթաբար ու աներեսաբար առաջարկեք: … «Արժանապատվությամբ» դեպի դժոխք», - գրում է Սալոմե Զուրաբիշվիլին: