«Ռուսական օրենքը» կվիճարկվի Ստրասբուրգի դատարանում
Վրաստանի մի խումբ ոչ կառավարական կազմակերպություններ և լրատվամիջոցներ նախատեսում են վիճարկել «օտարերկրյա գործակալների» օրենքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Հայցվորները պնդում են, որ օրենքը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված խոսքի ազատությունը և անձնական կյանքի իրավունքը: Նրանց խոսքով, «ռուսաստանյան օրենքը» նպատակ ունի սահմանափակել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը, ինչպես նաև մեկուսացնել քաղաքացիներին և ճնշել քննադատական ձայները:
Նրանք ընդգծում են, որ օրենքը խոչընդոտում է այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք զբաղվում են հանրային խնդիրներով՝ շրջակա միջավայրի պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, կանանց և երեխաների պաշտպանություն, դատական բարեփոխումներ, կաշառքի դեմ պայքար և հետաքննող լրագրություն:
Չնայած բազմաթիվ հորդորներին և ներքին բողոքներին, «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունվեց Վրաստանում և ուժի մեջ մտավ հունիսի 4-ին: Արտասահմանից ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունները պարտավոր են գրանցվել հատուկ հարթակում:
Այս ֆոնին Բրյուսելը սառեցրեց Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին և կասեցրեց 30 միլիոն եվրոյի հատկացումը երկրի պաշտպանության նախարարությանը: ԱՄՆ-ն էլ չեղարկեց վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ կապված «կեղծ մեղադրանքների» հետ, որոնք ուղղված էին Միացյալ Նահանգներին և արևմտյան այլ կառույցներին: