Ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են. Սաակաշվիլի
Ընտրությունների արդյունքները պաշտպանելու համար հրատապ պետք է ստեղծվի ընդդիմության միասնական համակարգող կենտրոն, այժմ գործելու ժամանակն է,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ ընտրությունները, որոնցում հաղթել է ընդդիմությունը, ամբողջությամբ կեղծվել են պաշտոնյաների կողմից։
«Վրաստանի նախագահի, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների աննախադեպ միասնությունն անցկացված ընտրությունների գնահատման հարցում որևէ պատճառ չի թողնում ընդունելու ԿԸՀ-ի ներկայացրած թվերը։ Ընտրությունները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմությունը, ամբողջությամբ կեղծվել են պաշտոնյաների կողմից։
Շատ շնորհակալություն բոլորին, ովքեր անխոնջ աշխատեցին մեր երկիրը Եվրոպա բերելու և արժանի արդյունք ստանալու համար, այժմ ժամանակն է իրականություն դարձնել այս հաղթանակը։ Բոլորն էլ սպասում էին ընտրությունների այս արդյունքին, ինձ համար զարմանալի է, թե ինչու դա ցնցեց ոմանց։
Ընտրությունների արդյունքները պաշտպանելու համար հրատապ պետք է ստեղծվի ընդդիմության միասնական համակարգող կենտրոն։ Այս ընտրությունները խլվեցին վրաց ժողովրդի ձեռքից, դրա համար էլ մենք պարտական ենք շարունակական գործողությունների և հասարակական անհնազանդության։ Մեր ժողովուրդն ունի իր և իր ունեցվածքը բոլոր միջոցներով պաշտպանելու լիարժեք իրավունք և պարտականություն։ Հիմա գործելու ժամանակն է»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցում։