Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես տեղյակ չեմ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու նախագահի ծրագրերի մասին», - ասել է Կրեմլի խոսնակը։
«Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ»,- հավելել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
«Ջերմ շնորհավորանքներս՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում Ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարո՛ն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն, Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելուն՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,-X-ի իր էջում գրել է նա։
Դոնալդ Թրամփին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև Վրաստանի վարչապետն ու նախագահը:
«Շնորհավորում եմ նախագահ Թրամփին ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփի ղեկավարությունը կնպաստի գլոբալ և տարածաշրջանային խաղաղությանը և կապահովի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերականգնումը»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։
«Շնորհավորում եմ ձեր ընտրվելու կապակցությամբ, պարոն նախագահ։ Ուժեղ ԱՄՆ-ը՝ 33 տարվա մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամն այժմ, առավել քան երբևէ, պետք է աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը, ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը»,- գրառել է Սալոմե Զուրաբիշվիլին։