Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել «մաքուր էջից»՝ հիմնված կոնկրետ ուղենիշերի վրա, սակայն սա կախված կլինի նրանից, թե որքանով կկարողանա Դոնալդ Թրամփի վարչակազմը հաղթահարել ԱՄՆ-ում գործող «Deep State»-ը։
Կոբախիձեն ընդգծեց, որ Վրաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկմամբ և պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը ամրապնդել կոնկրետ թիրախային ցուցանիշների միջոցով։
«Մենք շահագրգռված ենք, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները տեղափոխենք նոր մակարդակ։ Եթե «Deep State»-ը չհաղթահարվի, դա խնդիր կլինի ոչ միայն վրաց-ամերիկյան հարաբերությունների համար, այլև ողջ աշխարհի համար։ Մենք պետք է լինենք լավատես և շարունակենք համագործակցությունը»,- ասաց Կոբախիձեն։
Վարչապետը նաև անդրադարձավ Էստոնիայի խորհրդարանի հայտարարությանը, որը Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ էր անում։ Կոբախիձեն սա «հակավրացական» հայտարարություն անվանեց և նշեց, որ Վրաստանը շարունակում է «միակողմանի բարեկամական հարաբերություններ» Էստոնիայի հետ՝ երկու ժողովուրդների պատմական բարեկամության պատճառով։
«Այսպիսի հայտարարությունները անընդունելի են և արտահայտում են անարգանք վրաց ժողովրդի կամքի հանդեպ»,- նշեց Կոբախիձեն։