Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են
Մակա Բոճորիշվիլին արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին պաշտոնական այցն է կատարել Հայաստանի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ինչպես անձամբ, այնպես էլ ընդլայնված կազմով։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը Վրաստանի արտգործնախարարն ընդգծել է նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի կարևորությունը և շնորհակալություն հայտնել գործընկերոջը հյուրընկալության համար։ Կողմերը նշել են Վրաստանի և Հայաստանի միջև դարավոր բարեկամությունը և ռազմավարական գործընկերության կարևորությունը։
Ընդգծվել է, որ Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության հռչակագիրը երկու երկրների միջև առկա ակնառու հարաբերություններն ու համագործակցությունը բարձրացրել է որակապես նոր մակարդակի։ Ուշադրություն է դարձվել երկրների միջև տնտեսական և առևտրային գործընկերությանը և զբոսաշրջության բարձր ցուցանիշներին, որոնց համաձայն Հայաստանը Վրաստան այցելողների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստան-Վրաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ձևաչափը, որը բազմակողմ համագործակցության և կանոնավոր երկխոսության զարգացման ևս մեկ միջոց է։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար համատեղ ջանքերի կարևորությունը։
Մակա Բոճորիշվիլին Արարատ Միրզոյանին հրավիրել է Վրաստան։
Այցի շրջանակներում Մակա Բոճորիշվիլին կմասնակցի Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին, որը կգլխավորեն երկու երկրների վարչապետները։