ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանում է լրացուցիչ սահմանափակումներ Ռուսաստանի նավթային, գազային և բանկային ոլորտների նկատմամբ՝ սահմանափակելով Ռուսաստանի հասանելիությունը ԱՄՆ-ի վճարային համակարգերին, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով չորս տեղեկատվական աղբյուրի։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի չեղարկել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից հունվարին սահմանված 60-օրյա բացառությունը, որը թույլ էր տալիս որոշ ֆինանսական գործարքներ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի մասնակցությամբ։ Այս քայլի արդյունքում այդ բանկերը այլևս չեն կարող օգտվել ԱՄՆ-ի վճարային համակարգերից՝ էներգետիկայի հետ կապված գործարքներ իրականացնելու համար։
Ռուսական ֆինանսական հաստատությունները, որոնք նախկինում ազատված էին պատժամիջոցներից, ներառում էին՝
- «Վնեշէկոնոմբանկ»,
- «Ֆինանսական կորպորացիա Օտկրիտիե»,
- «Սովկոմբանկ»,
- «Սբերբանկ»,
- «ՎՏԲ բանկ»,
- «Ալֆա-Բանկ»,
- «Ռոսբանկ»,
- «Բանկ Զենիթ»,
- «Բանկ Սանկտ-Պետերբուրգ»,
- Ռուսաստանի Կենտրոնական բանկը։
CBS News-ը նշում է, որ ամերիկյան բանկային համակարգերի հասանելիության հետագա սահմանափակումը բարդացնում է այլ երկրների համար ռուսական նավթի ձեռքբերումը, ինչը կրճատում է դրա գլոբալ առաջարկը։ Սա կարող է հանգեցնել նավթի գնի աճի մինչև 5 դոլարով մեկ բարելի համար, ինչը զգալի թռիչք է վերջին շաբաթների ցածր գների ֆոնին։
CBS News-ը շեշտում է, որ սահմանափակումների խստացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը փորձում է համոզել Ռուսաստանին ընդունել Ուկրաինայում պատերազմի ավարտի նպատակով առաջարկվող 30-օրյա հրադադարի պայմանները։