Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց կանոնակարգում փոփոխությունները
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց Վրաստանի խորհրդարանի կանոնակարգում փոփոխությունները։
Խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնների կոմիտեի նախագահ Դավիթ Մաթիկաշվիլիի խոսքով, խորհրդարանի նախագահը կունենա լիազորություն հրամանով սահմանելու խորհրդարանի ապարատի կենսաթոշակային տարիքի հասած աշխատակիցներին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը՝ աշխատակցի անձնական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվելու դեպքում։
Բացի այդ, փոփոխություններով նախատեսվում է, որ ժամանակավոր հետաքննող հանձնաժողովը կարող է իր անդամներից մեկին հանձնարարել պարզաբանումներ վերցնել այն անձից, որը սեփական նախաձեռնությամբ ցանկանում է հանձնաժողովին փոխանցել կարևոր տեղեկություններ։
Կանոնակարգի փոփոխություններով նախատեսվում է նաև, որ ժամանակավոր հետաքննող հանձնաժողովի նիստերը կարող են տեղի ունենալ խորհրդարանի հերթական նստաշրջանի լիագումար նիստերի օրերին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ընթանում է խորհրդարանի լիագումար նիստը։
Եթե առկա է հիմնավոր կասկած, որ կատարվել է հանցավոր գործողություն, ժամանակավոր հետաքննող հանձնաժողովը իր գործունեության ցանկացած փուլում կարող է համապատասխան մարմինին ներկայացնել քննություն սկսելու հարցը։
Խորհրդարանն այս փոփոխությունների նախագիծը քննարկել է արագացված կարգով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։