Երկու աթոռին նստել չի ստացվի – Ռուսաստանը նախազգուշացնում է Հայաստանին
«Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Եվրամիությանը, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) – «երկու աթոռին նստել չի ստացվի»։ Այս մասին Երևանում անցկացված «Արևելք – Արևմուտք հակամարտությունը. Ուկրաինական չափումը. Ապագայի սցենարներ» ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Մինչ այդ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանը չի կարող նստել երկու աթոռին, նա ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության միջև», – ասել է Օվերչուկը։
Մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանում (որտեղ կա 107 մանդատ) իշխող թիմի մեծամասնությունը կողմ է քվեարկել Եվրամիությանը անդամակցության օրենսդրական նախագծի երկրորդ ընթերցմանը։
Այդուհանդերձ, ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դա չի նշանակում անդամակցության գործընթացի պաշտոնական մեկնարկ, քանի որ այդ հարցը պետք է ներկայացվի հանրաքվեի։ Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ նշված օրենսդրական նախագիծը հասարակական նախաձեռնության արդյունք է, և այն հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ։