Ռուսաստանյան բանկերը դադարեցնում են արտարժույթով հաշիվներ բացելը
Ռուսաստանյան շատ բանկեր դադարեցնում են արտարժույթով հաշիվներ բացելը, գրել է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով բանկերի call-կենտրոններին։
«Սովկոմբանկ»-ը, ՊՍԲ-ն, «Ռոսբանկ»-ը եւ «Օտկրիտիե»-ն կասեցրել են արտարժույթով ավանդների եւ խնայողական հաշիվների բացումը: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են նշված կազմակերպությունների call-կենտրոններից։ «Սովկոմբանկ»-ի հաճախորդների սպասարկման ծառայությունից հայտնել են, որ այս պահին ինչպես խնայողական, այնպես էլ ավանդային արտարժութային հաշիվներ չեն բացում: Արտարժույթով ավանդների ձեւակերպումը դեռեւս մայիսին է դադարեցվել, նշել են նրանք։
«Օտկրիտիե» բանկում հայտարարել են, որ արտարժութային դեպոզիտներն արդեն 1,5 ամիս հասանելի չեն, իսկ հաշիվներ անհնար է բացել հունիսի 15-ից։ «Ռոսբանկ»-ում ավելացրել են, որ ոչինչ չեն կարող ասել սահմանափակումների գործողության ժամկետների մասին։
Մինչ այդ «Տինկոֆ բանկի» վարչության նախագահ Ստանիսլավ Բլիզնյուկը նշել էր արտարժույթով խնայողություններ պահելու ռիսկի մասին։ Դոլարով խնայողություններ պահելու ռիսկերը կապված են այն բանի հետ, որ ռուսաստանյան բանկերը չեն կարող դոլարով վճարումներ կատարել՝ առանց ամերիկյան բանկերի ենթակառուցվածքի գործադրման։