Ոսկու և արծաթի գները նվազում են
Ոսկու արժեքը միջազգային շուկայում նվազում է: Ներկայումս ոսկու 1 ունցիան արժե մինչև 1740 դոլար, իսկ վերջին անգամ այսքան էժան է եղել անցյալ տարվա սեպտեմբերին։
Ընթացիկ տարվա մարտին ոսկու գինը նույնիսկ գերազանցեց 2000 դոլարը, թեև դրանից հետո այն արժեզրկվել է գրեթե 15%-ով։
Ոսկու արժեքի վրա ազդում են ընթացիկ տնտեսական միտումները՝ ռեցեսիայի ակնկալիքը, տոկոսադրույքների բարձրացումը և դոլարի ամրապնդումը։
Բարձր գնաճի պատճառով ԱՄՆ-ում և Եվրոպայում խստացվում է դրամավարկային քաղաքականությունը։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքները բարձրացրել է 150 բազիսային կետով, իսկ մինչև ամսվա վերջ պլանավորում է ավելացնել ևս 75 կետով։ Եվրոպական կենտրոնական բանկը նույնպես բարձրացրել է տոկոսադրույքը 25 բազիսային կետով։
Դրամավարկային քաղաքականության տեմպի աճը հանգեցնում է տնտեսության դանդաղման, իսկ վերջինս մեծացնում է ռեցեսիայի վտանգը։ Ռեցեսիան իր հերթին նվազեցնում է գրեթե բոլոր ապրանքների, այդ թվում՝ ոսկու պահանջարկը։
Պլատինի գինը նույնպես ամենացածր կետում է 2020 թվականից ի վեր և հավասար է 876 դոլարի մեկ ունցիայի դիմաց։