Բորսայում ոսկու գինը նվազում է
Միջազգային ապրանքային բորսայում ոսկու գնի նվազման միտումը ֆիքսված է։ Թանկարժեք մետաղի մեկ ունցիան (28,3 գրամ) մեկ շաբաթվա ընթացքում էժանացել է 2,1%-ով և ներկայումս կազմում է 1936 դոլար, որը մեկ ամսվա նվազագույնն է:
Ոսկու գնի նվազումն ուղղակիորեն կապված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի դիրքորոշման հետ։ Ըստ FED-ի ղեկավար Ջերոմ Փաուելի, անհրաժեշտության դեպքում կենտրոնական կարգավորող մարմինը պատրաստ է ցանկացած պահի անցնել դրամավարկային քաղաքականության խստացման ռազմավարությանը և լրացուցիչ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄՆ-ում հիմնական տոկոսադրույքը 5,5% է, որը Դաշնային պահուստային համակարգը երկու ամիս անփոփոխ է պահել։ Եթե տոկոսադրույքն էլ ավելի բարձրանա, դա կխրախուսի ներդրողներին ներդնել իրենց գումարները վերաֆինանսավորման տոկոսադրույքից կախված ակտիվներում, ինչպիսիք են գանձապետական պարտատոմսերը:
Ինչպես գիտեք, ոսկին պասիվ ներդրումային ակտիվ է, այսինքն՝ շահաբաժիններ կամ տոկոսներ չի տալիս, հետևաբար, ավելի խիստ դրամավարկային քաղաքականության ակնկալիքը նվազեցնում է ոսկու նկատմամբ հետաքրքրությունը, ինչը բացասաբար է անդրադառնում նրա գնի վրա։